«Բաց դռներ»․ վառ ու անմոռաց միջոցառում ՀՊՏՀ ապագա դիմորդների համար

14.10.2022
Դիտումների քանակ՝ 1543

Հոկտեմբերի 14-ին ՀՊՏՀ-ում հաճելի իրարանցում էր․ Տնտեսագիտական մայր բուհի դռները բացվել էին հանրապետության ավագ դպրոցների և քոլեջների սովորողների առջև։

Այս ուսումնական տարվա առաջին «Բաց դռներ»-ն աչքի ընկավ իր գունագեղությամբ ու հետաքրքիր անդրադարձներով։ ՀՊՏՀ շարունակական կրթության բաժինը ջանք չէր խնայել՝ բուհի մասին համակողմանի տեղեկություններ մատուցելու, այդ ամենը հրապուրիչ, ինտերակտիվ շփումներով ու անակնկալներով համեմելու։

Ապագա դիմորդներին ողջունեց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը․ «Եթե դուք որոշել եք տնտեսագետ դառնալ, ապա Տնտեսագիտական համալսարան դիմելը կլինի ձեր լավագույն որոշումը։ Իսկ եթե դեռևս չեք կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, ապա մեր ուսանողներն ու աշխատակիցները լավագույնս կկողմնորոշեն ձեզ»։

Դիանա Գալոյանն իր խոսքում ընդգծեց, որ ՀՊՏՀ ուսանողը մասնակից է բուհում կազմակերպվող գիտական, կրթական, մարզական ու մշակութային միջոցառումների, միջազգային ծրագրերի, որ համալսարանում ավանդված տեսական ու կիրառական արդիական գիտելիքը հնարավորություն է տալիս հեշտությամբ ինտեգրվելու աշխատաշուկայում և կառուցելու մասնագիտական հաստատուն հեռանկար։

Ռեկտորը հավելեց, որ այս տարի ևս համալսարանը ապագա դիմորդների համար կկազմակերպի ավանդական դարձած էսսեների մրցույթ, և հաղթող եռյակը ՀՊՏՀ ընդունվելու դեպքում կստանա միանվագ կրթաթոշակ։

Միջոցառման մասնակիցներին ողջունեց նաև ՀՊՏՀ ՈՒԽ նախագահ Արև Մանուկյանը՝ հորդորելով մասնագիտական կողմնորոշման ճանապարհին առաջնորդվել սրտի թելադրանքով։

Ընդունելության գործընթաց, առաջարկվող կրթական ծրագրեր, արտասահմանում ուսանելու հնարավորություններ, կարիերայի զարգացման ուղղություններ ու հեռանկարներ, տրամադրվող կրթաթոշակներ և գործող զեղչային համակարգ․ ՀՊՏՀ ուսանողական խորհրդի անդամներն այս ամենի մասին անձամբ ու տեսանյութերի միջոցով պատմեցին՝ ապագա դիմորդների համար բացահայտելով բուհական ուսումնառության և ուսանողական կյանքի վառ ու գրավիչ կողմերը։

Միջոցառման մասնակիցները ծանոթացան բակալավրական կրթական ծրագրերին, համալսարանի ֆակուլտետներին, կամավորական աշխատանքի հնարավորություններին, մրցունակ մասնագիտություններին։ Անցկացվեց ինտերակտիվ խաղ-վիկտորինա, որի հաղթողին հնարավորություն ընձեռվեց արտամրցութային կարգով մասնակցելու ՀՊՏՀ աշնանային ճամբարին, իսկ լավագույն 10 մասնակիցները ստացան ՀՊՏՀ բրենդային նվերներ։

Բաց դռների մասնակիցներն իրենց հետ տարան անմոռաց տպավորություններ և Տնտեսագիտականում սովորելու հաստատ որոշում։