«Հանրային ծառայությունների բիզնեսի կազմակերպում և կառավարում». 7-րդ նոր մագիստրոսական ծրագիրը ՀՊՏՀ-ն կիրականացնի երկու խոշոր կառույցների հետ

Դիտումների քանակ՝ 1624

Սիրելի դիմորդներ, շարոնակում ենք ներկայացնել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում գալիք՝ 2020-2021 ուսումնական տարվանից ներդրվող մագիստրոսական նոր ծրագրերը: Թվով 7-րդ նոր մագիստրոսական ծրագիրը կոչվում է «Հանրային ծառայությունների բիզնեսի կազմակերպում և կառավարում»,  որը ՀՊՏՀ-ն կիրականացնի երկու խոշոր կառույցների՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) և Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) հետ:

Այս ծրագիրը կյանքի է կոչվում եռակողմ փոխըմբռնման հուշագրի հիման վրա, որը ստորագրվել է  2019թ. դեկտեմբերի 23-ին ՀՊՏՀ-ում: Համաձայն այդ հուշագրի՝ նոր կրթական ծրագիրը նպատակ ունի ապահովելու արդյունավետ համագործակցություն հանրային ծառայությունների ոլորտի (գազամատակարարում, էլեկտրաէներգետիկա, ջրային տնտեսություն, հեռահաղորդակցություն) ընկերությունների, ձեռնարկատիրական այլ ոլորտների ընկերությունների և ծրագրի շրջանավարտների հետ։

Ինչպես պետական, այնպես էլ վերոնշյալ ոլորտների ներկայացուցիչները համատեղ կիրականացնեն ժամանակակից և կիրառական ուսումնական գործընթացի կազմակերպում։

Նոր մագիստրոսական ծրագիրը կիրականացվի

  • Գազի, էլեկտրաէներգետիկայի, ջրային տնտեսության և հեռահաղորդակցության ոլորտների գործատուների հետ համատեղ
  • 1,5 տարի ժամկետով
  • Ոլորտի լավագույն ղեկավար մասնագետների մասնակցությամբ
  • Նորագույն դասավանդման և կառավարման մեթոդների կիրառմամբ
  • Շաբաթական երեք անգամ
  • Երեկոյան ժամը 18:00-ից հետո
  • Դասընթացների ընթացքում կամ անմիջապես հետո ձեռնարկություններում փորձառության անցկացմամբ

Սիրելի դիմորդներ, «Հանրային ծառայությունների բիզնեսի կազմակերպում և կառավարում» ծրագրի մանրամասները հասանելի են ՀՊՏՀ պաշտոնական կայքի (asue.am) «Դիմորդ» բաժնում, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

Նախորդ ծրագրերի մանրամասներին ևս կարող եք ծանոթանալ կայքի «Դիմորդ» բաժնում՝ հետևյալ հղումով:

Հավելենք, որ այս շրջանում ՀՊՏՀ-ում ներդրվող մագիստրոսական ծրագրերի վերաբերյալ բազում արձագանքներ ու նաև հարցեր ենք ստանում: Հարցերը հիմնականում վերաբերում են դիմելու կարգին, անհրաժեշտ պայմաններին: Ցանկանում ենք հավելել, որ այդ մասին մանրամասներ կտրվեն ընդունելության գործընթացը մեկնարկելուն պես: Այնպես որ, հետևեք մեր կայքի և ֆեյսբուքյան էջի լուրերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին