«Բանկային գործունեության կազմակերպում»․ կրթության և առաջընթացի մեկնակետ

24.01.2023
Դիտումների քանակ՝ 1322

2020 թվականին «Բանկային գործունեության կազմակերպում» մագիստրոսական կրթական ծրագիրը մեկնարկեց նոր՝ վերափոխված տարբերակով և շարունակում է լինել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ամենապահանջված մասնագիտություններից մեկը։ Վերափոխման արդյունքում 2 տարի տևողությամբ ուսումնական գործընթացը կրճատվեց մինչև 1․5 տարի՝ երեկոյան ուսուցմամբ՝ այդպիսով գերազանց հնարավորություն ընձեռելով ուսումնառությունը շարունակելու մագիստրատուրայում և միաժամանակ աշխատելու լրիվ բեռնվածությամբ։

ՀՊՏՀ-ում 1.5 տարի տևողությամբ մագիստրոսական կրթական ծրագրերի ամփոփիչ ատեստավորման գործընթացի շրջանակներում այսօր ներկայացնում ենք «Բանկային գործունեության կազմակերպում» ծրագիրն ու նրա շրջանավարտներին։ Այս տարի, որպես բանկային գործունեության կազմակերպիչ, մասնագիտական իր ուղին կշարունակի 29 շրջանավարտ։ Անահիտ Սարգսյանը նրանցից մեկն է․ գերազանցությամբ ավարտել է ՀՊՏՀ բակալավրիատը՝ «Ֆինանսներ» մասնագիտությամբ, շուտով կստանա մագիստրոսի որակավորում՝ «Բանկային գործունեության կազմակերպում» մասնագիտացմամբ։ Մագիստրատուրայում ուսանելիս աշխատանքի է անցել «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ որպես ֆինանսական խորհրդատու։

«Ավանդային պորտֆելի արդյունավետ կառավարման հիմնախնդիրները ՀՀ առևտրային բանկերում» թեմայով թեզը սերտորեն առնչվում է Անահիտի աշխատանքային գործունեության հետ․ «Բանկում աշխատելով որպես ֆինանսական խորհրդատու՝ շատ եմ առնչվում ավանդային գործառնությունների հետ, հետևաբար թեզը գրելիս կիրառել եմ գործնական գիտելիքներս և փորձել բանկի ավանդային պորտֆելի առավել արդյունավետ կառավարման առաջարկություններ ներկայացնել»։

Անահիտն իրեն միշտ պատկերացրել է գիտամանկավարժական ոլորտում՝ որպես հետազոտող և դասախոս, առաջիկայում կորոշի՝ ինչ ուղի ընտրել։ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեզ դասավանդողներին, որոնք առևտրային բանկերի առաջատար մասնագետներ են, ունեն տարիների փորձ և ջանք ու եռանդ չեն խնայել՝ մեզ տալու մրցունակ և նորարար գիտելիք ու հմտություն, որոնց շնորհիվ մենք այսօր պահանջված մասնագետներ ենք»,- ասում է Անահիտը։ Վերջինիս մագիստրոսական թեզի ղեկավարը ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչ, կրթական ծրագրի ղեկավար Աշոտ Մարդոյանն է։ Կրթական ծրագիրը, ամբիոնի վարիչի խոսքով, մշակվել է գործատուների հետ համատեղ․ ընտրվել է մոդուլային համակարգը, դասավանդողների գերակշիռ մասը բանկային համակարգի ղեկավարներ են, որոնց հետ համագործակցության արդյունքում էլ առաջադրվում են մագիստրոսական թեզերի թեմաները․ «Թեմաների գերակշիռ մասը, եթե ոչ ամբողջը, տեղայնացված է կոնկրետ բանկերի օրինակով, ինչն արժեքավոր է դառնում նաև տվյալ բանկի ղեկավար կազմի համար։ Շատ հաճախ մագիստրանտն աշխատում է հենց այն բանկում, որի օրինակով էլ գրում է թեզը։ Արդյունքում, նա այդ հետազոտությունը ներկայացնում է իր կազմակերպությունում, և շատ հնարավոր է, որ աշխատանքային առաջընթաց գրանցի»։

Աշոտ Մարդոյանը հպարտությամբ ընդգծում է՝ «Բանկային գործունեության կազմակերպում» կրթական ծրագիրն առաջատարներից է ՀՀ բուհական համակարգում, մագիստրանտների 85-90 տոկոսն աշխատում է մասնագիտությամբ, և ծրագրի ուսումնասիրությունը, վստահաբար, կարիերայի աճի կարևոր մեկնակետ է նրանց համար․ «Որոշ բանկերի ղեկավարներ իրենք են խրախուսում իրենց աշխատակիցներին՝ ուսումնառելու այս ծրագրով։ Անգամ հաճախադեպ են համագործակցության այնպիսի օրինակներ, երբ դասավանդող-գործատուն աշխատանքի է ընդունել իր ուսանողին, կամ դասավանդողն ու ուսանողը նույն բանկում են աշխատել»։

«Արդշինբանկ» ՓԲԸ-ի Հյուսիսային տարածաշրջանի ղեկավար Նորայր Բաբայանը ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահն է։ Ասում է՝ տնտեսության զարգացմանը համընթաց՝ բանկիրների պահանջարկը է′լ ավելի է մեծանում։ Թեև տեխնոլոգիաները զարգանում են, բանկերում մարդկային գործոնի դերը զուգահեռաբար նվազում է, սակայն բանիմաց մասնագետների պահանջարկը մշտապես առկա է։ Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու նախկին փորձը հաշվի առնելով՝ փաստում է, որ ներկայացվող թեմաները կիրառելի են, արժեքավոր ու արդիական։ «Նոր կադրերը, որ կհամալրեն ֆինանսական հատվածը, կնպաստեն նորարարություններին։ Նրանք մի կողմից կխթանեն բանկային նոր պրոդուկտների ստեղծումը, մյուս կողմից՝ սպասարկման որակի բարելավումը»,- ասում է Նորայր Բաբայանը և ընդգծում, որ բանկային համակարգը մեր տնտեսության ամենակայացած և բարձր վարձատրվող ոլորտների առաջատար հնգյակում է, որի համար ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնի շրջանավարտներն ամենապահանջվածն են։