CERGE-EI ծրագիր. ասպիրանտական կրթության հնարավորություններ և հեռանկարներ

Դիտումների քանակ՝ 1385

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ այսօր միջազգային ծրագրերի կենտրոնում շնորհանդես էր՝ նվիրված չեխական CERGE-EI ծրագրով  (Center for Economic Research and Graduate Education - Economics Institute)  ասպիրանտական կրթության հնարավորություններին ու հեռանկարներին: Բանախոսն էր ՀՊՏՀ շրջանավարտ (մակրոէկոնոմիկա մասնագիտության մագիստրոս),  CERGE-EI  ծրագրի ասպիրանտ Գեղեցիկ Աֆունցը:
Մեզ հետ զրույցում նա տեղեկացրեց, որ CERGE-EI-ը ամերիկյան ոճով ծրագիր է, հիմնվել է 1991 թվականին Պրահայի Կարլովի համալսարանի, Չեխիայի գիտությունների ազգային ակադեմիայի և Նյու Յորքի նույնանուն հիմնադրամի համատեղ ջանքերով և առաջարկում է ասպիրանտական կրթաթոշակներ: Որպես ծրագրի շահառու Գեղեցիկ Աֆունցը անցել է ուսումնառության և հետազոտության արդյունավետ մի ուղի և այսօր ավարտին է հասցնում աշխատանքի, միգրացիոն և ընտանիքի տնտեսագիտության շուրջ իր հետազոտությունը՝ խարսխված կիրառական էկոնոմետրիկայի վրա:
ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը ներկայացրեց հյուրին, որից հետո ներկա ուսանողներին Գեղեցիկ Աֆունցը համակողմանիորեն նկարագրեց ծրագիրը, որը տնտեսագիտություն ուսումնասիրող և հիմնարար մաթեմատիկական գիտելիքներով օժտված մագիստրոսներին հնարավորություն է ընձեռում անվճար սովորելու և հետազոտական աշխատանք կատարելու Եվրոպայի սրտում՝ աշխարհագրորեն մոտ լավագույն համալսարաններին, որոնց հետ կարելի է համագործակցել, ստանալ անվանի պրոֆեսորների խորհրդատվությունը, մասնակցել գիտաժողովների: Նա անդրադարձավ ծրագրի կառուցվածքին, դիմելու ընթացակարգին, պահանջներին, ժամկետներին: Ինչ վերաբերում է հրավիրյալ և այցելող դասախոսներին՝ նա նշեց, որ մի մասը Նոբելյան մրցանակակիրներ են, իրենց ոլորտների փայլուն գիտակներ, որոնց հետ համատեղ աշխատանքը զինում է առաջավոր գիտելիքներով ու անհրաժեշտ այն գործիքակազմով, որոնք հնարավորություն են տալիս խորամուխ լինել ընտրած ոլորտում և գիտության մեջ ծանրակշիռ խոսք ասել, աշխատելու և առաջընթաց կառուցելու երաշխիքներ ձևավորել:
Կեցության պայմաններին, ուսանողական առօրյային անդրադառնալով՝ Գեղեցիկ Աֆունցը պատմեց ամենամյա կամ պարբերաբար անցկացվող այն միջոցառումների մասին, որոնք հարստացնում են ուսանողական կյանքը: Նա նշեց, որ ցանկացողները կարող են դիմել նաև մագիստրոսական կրթության համար, սակայն այն, ի տարբերություն ասպիրանտականի, վճարովի է:
Հետաքրքրված ուսանողները բազմաթիվ հարցեր ուղղեցին բանախոսին:
Ծրագրի մասին մանրամասները տե՛ս cerge-ei.cz կայքում:

Ծրագրի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին