«Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողների պարգևատրում Տնտեսագիտական համալսարանում. նրանց շարքում է նաև մեր ուսանողը

Դիտումների քանակ՝ 3344

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր կայացավ «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը, որին ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, համալսարանների ռեկտորներ, պրոռեկտորներ, դասախոսներ, ուսանողներ:

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը բացման խոսքում նշեց, որ նմանատիպ միջոցառումները շատ կարևոր են, որովհետև հնարավորություն են տալիս ստեղծելու և կերտելու այն համալսարանական միջավայրը, որի մասին բոլորս երազում ենք: «Այսինքն, 21-րդ դարում մենք պետք է հասկանանք, որ համալսարանների դերակատարումը պետք է լինի ոչ թե պարզապես պասիվ ձևով գիտելիքի փոխանցումը, այլ այն միջավայրի կերտումը և ստեղծումը, որտեղ ուսումնառելը, հետագայում նաև մեծ կարողություններ ձեռք բերելը կդառնա յուրաքանչյուրի համար գերհաճելի գործընթաց»,- հայտարարեց Ռուբեն Հայրապետյանը՝ հավելելով, որ հենց այս տեսանկյունից նման միջոցառումները մեծ նշանակություն ունեն ու նաև ձևավորում են համալսարանական մշակույթ: «Ես կարծում եմ, որ արդեն նոր Հայաստանում, որտեղ հայտարարված է նաև տնտեսական հեղափոխության ուղղությունը, համալսարանները պետք է կենտրոնական դերակատարում ունենան և դառնան գործընթացը առաջ տանող լոկոմոտիվը: Այն մշակույթը, որը մենք պետք է ձևավորենք, պետք է բացառի բոլոր տեսակի անցանկալի երևույթները: Համալսարանական արդյունքն ինքնին այնքան մեծ սոցիալական և մշակութային բաղադրիչ ունի, որ որևէ դեպքում չի կարելի կեղծ օրակարգով, կեղծ սոցիալական խնդիրներով ինչ-որ ստվեր գցել մեր այս կարևոր առաքելության վրա»,- ասաց Տնտեսագիտական համալսարանի ղեկավարը:

Ողջույնի խոսքում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ նման մրցութային միջոցառումներն արդարացված են, եթե մրցույթին մասնակից ուսանողները, անգամ չհաղթելու պարագայում, չեն վիճարկում նախագծի իրականացումը` անաչառության տեսանկյունից: «Ուսանողակենտրոնությունը մեր կարևոր ուղենիշներից է. ուսանողների հետ խորհրդակցելը, ուսանողների հետ գաղափարները կիսելը, նրանց գաղափարները փորձարկելը մեր գործունեության առանցքում է լինելու»,- հայտարարեց կրթության և գիտության նախարարը: Նախարարի ընդգծմամբ` ուսանողական խորհուրդների դերը պետք է մեծանա, սակայն որոշակի դրական իմաստով և փոփոխված բովանդակությամբ, այլ ոչ թե այնպես, ինչպես եղել է նախկինում և պահպանվում է դեռ որոշ բուհերում: «Այժմ մշակվում է բարձրագույն կրթության ոլորտը կարգավորող նոր օրենք, զուգահեռաբար քննարկվում է ուսանողական խորհուրդների ձևավորման նոր կարգը, որով այսուհետ առաջնորդվելու են ուսանողական մարմինները: Նոր կարգով ուսանողական կյանք ենք ներմուծելու ժամանակակից ժողովրդավարական մեխանիզմներ` իրացնելու յուրաքանչյուր ուսանողի մասնակցության իրավունքը ուսանողական խորհրդի ձևավորմանը և բուհի կառավարմանը: Կարծում եմ, սրանով մեզ կհաջողվի փակել մի արատավոր էջ և ուսանողակենտրոնությունը բուհի ինքնավարության համակարգում մեծ ազդեցություն կունենա: Ուսանողները համակարգի ամենամեծ շահառուն են և չեն կարող մասնակցություն չունենալ բուհի կառավարմանը: Միաժամանակ ուզում եմ ողջունել բոլոր դասախոսներին, ովքեր, վստահ եմ, ուսանողների, հատկապես լավագույն ուսանողների ձևավորման և արդյունքների ապահովման գործում կարևոր դերակատարում են ունեցել: Ինչպես դպրոցում մեր ամենամեծ գործընկերը ուսուցիչներն են, այնպես էլ բուհում մեր ամենակարևոր գործընկերը դասախոսներն են, նրանց խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են: Նախարարությունն իր հնարավորությունների առավելագույն սահմանում փորձելու է լուծում տալ դասախոսների առջև ծառացած խնդիրներին` հասկանալով հանդերձ, որ կրթության համակարգում արագ արդյունքներ ակնկալելը շատ բարդ է»,- նշեց նախարարը: Շնորհավորելով «Լավագույն ուսանող» մրցույթի բոլոր հաղթողներին և մասնակիցներին` նախարարը կոչ արեց լինել ազատ, քննադատող, նախաձեռնող և նպատակասլաց, օգտագործել նոր Հայաստանում ընձեռված հնարավորությունները երկրի առաջընթացը ապահովելու և նոր Հայաստանը կերտելու համար:

Այնուհետև տեղի ունեցավ մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի եզրակացության հիման վրա, բակալավրի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով հաղթող են ճանաչվել ՀՀ 15 բուհերի 37 ուսանողներ, 7 ոլորտներում (բնագիտություն, հասարակագիտություն, հայագիտություն, հումանիտար, բժշկություն, ճարտարագիտություն և մշակույթ- սպորտ): 2018 թվականին «Լավագույն ուսանող» մրցույթի 1-ին տեղի համար հաղթող է ճանաչվել՝ 14, 2-րդ տեղի համար՝ 12 և 3-րդ տեղ՝ 11 ուսանող: Հաղթողներին անվանական կրթաթոշակներ շնորհելու նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 12 մլն. ՀՀ դրամ: Հանրապետական փուլի հաղթողները պարգևատրվելու են միանվագ դրամական կրթաթոշակներով. 1-ին տեղ` 430.000 /չորս հարյուր երեսուն հազար/ դրամ, 2-րդ տեղ՝ 315.000 /երեք հարյուր տասնհինգ հազար/ դրամ և 3-րդ տեղ՝ 200.000 /երկու հարյուր հազար/ դրամ: Նրանց շարքում՝ հասարակագիտության ոլորտում բակալավրի կրթական ծրագրով առաջին տեղը զբաղեցրեց ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի «Ապահովագրական գործ» մասնագիտության  4-րդ կուրսի ուսանող Գագիկ Հակոբյանը:

Այնուհետև հնչեցին ելույթներ, շնորհավորանքներ՝ ուղղված օրվա հերոսներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին