ՀՊՏՀ-ում դասախոսեց Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսորը
Եվրոպական Միության «Էրազմուս+»-ի «Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումներ՝ զբոսաշրջության կառավարման և կիրառական երկրատեղեկատվական համակարգերի մասնագիտական ոլորտների կրթական ծրագրերում» («ՀԵՐԻՏԱԳ») ծրագրի աշխատաշուկայի (կարիերայի) օրերի շրջանակում այսօր մեր համալսարանում դասախոսություն կարդաց Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի (ՎՊՀ) պրոֆեսոր Մարիա Խոսե Վինալսը: Թեման էր՝ «Մշակութային զբոսաշրջության կայուն զարգացման միտումները և պլանավորման գործիքակազմը»:
Հանդիպմանը մասնակցում էին որակի ապահովման բաժնի պետ, ՀՊՏՀ-ում նշված ծրագրի համակարգող Ներսես Գևորգյանը, աշխատակիցները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, այդ թվում՝ Վալենսիայի պոլիտեխնիկական, ՀՊՏՀ և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանների «Նախագծերի կառավարում» համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի մասնակիցներ:
Հյուրին ներկայացրեց Ներսես Գևորգյանը, խոսեց ՀՊՏՀ-ի և Վալենսիայի համալսարանի արդյունավետ փոխգործակցության մասին:
Մարիա Խոսե Վինալսը բանախոսության սկզբում անդրադարձավ հայաստանյան երկու՝ Տնտեսագիտական ու ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանների հետ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի գործակցությանը, ապա այն դիտարկեց նաև «ՀԵՐԻՏԱԳ» ծրագրի համատեքստում: Իսկ բուն դասախոսությունը վերլուծություն էր մշակութային զբոսաշրջության էության, դրա առաջխաղացման ռազմավարության, ժամանակակից միտումների, փոխակերպումների, պլանավորման գործիքակազմի շուրջ: Քննարկման դիտակետում էին Իսպանիայի, Վալենսիայի զբոսաշրջային գրավչությունը, մշակութային ժառանգությունը, տեղական սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը:
Նշենք՝ Մարիա Խոսե Վինալսը «Նախագծերի կառավարում» (զբոսաշրջության, մշակութային ժառանգության կառավարման և երկրատեղեկատվական ոլորտներում) մագիստրոսական համատեղ կրթական ծրագրի դասախոսներից է, ով դասավանդել է ՎՊՀ-ում սովորող մեր ուսանողներին։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին