Քրիստինե Հայրապետյան. «Սա ինձ համար շատ կարևոր քայլ էր… »

Դիտումների քանակ՝ 1711

Ինչպես տեղեկացրել ենք, 2017-2018 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում մեր համալսարանում ուսանող երիտասարդներից մեկն էլ հայազգի Քրիստինե Հայրապետյանն է, ով սովորում է Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանում (РИНХ) և Հայաստան է ժամանել միջհամալսարանական համագործակցության շրջանակում ուսանողների փոխանակման ծրագրով:
Նրա հետ նույնպես մենք ծանոթացանք ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնում, որտեղ օտարերկրացի ուսանողները ստանում են անմիջական աջակցություն և խորհրդատվություն: Քրիստինեն պատրաստվում է քննաշրջանին, նրան անհրաժեշտ է մասնագիտական գրքեր ներբեռնել, դասախոսություններ պատճենել, բաժնի աշխատակիցները նրան սիրով ուղղորդում էին գրադարան և այլ ստորաբաժանումներ:
Մեր հայրենակցուհին հրաշալի խոսում է հայերեն և հպարտորեն ասում՝ Հայաստան գալն իր ընտրությունն է, որը գերադասելի է եղել Պորտուգալիայի, Իսպանիայի, Բուլղարիայի համալսարաններում սովորելու բավականին գայթակղիչ տարբերակներից:

Ռոստովի տնտեսագիտական համալսարանում սովորում է հաշվապահական հաշվառում, վերլուծություն և աուդիտ մասնագիտությամբ, 3-րդ կուրսում, երկրորդ կիսամյակը մեր համալսարանում շարունակում է գրեթե նույնանուն՝ հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտությամբ, ընդհանուր հիմունքներով:
Քրիստինեն ծնվել է Հայաստանում, ընտանիքը Դոնի Ռոստով է տեղափոխվել, երբ նա եղել է 3 տարեկան: «Սա ինձ համար շատ կարևոր քայլ էր, նախ՝ ցանկանում էի իմ հայրենիքում ապրել տևական ժամանակահատված, երկիրը լավ ճանաչել, հայերեն գրել և կարդալ սովորել, մասնագիտական նոր գիտելիքներ ձեռք բերել, ուսումնական այլ գործընթացի, մոտեցումների ծանոթանալ, որովհետև ուզում եմ մագիստրոսական կրթությունս Հայաստանում ստանալ, հավանաբար՝ իրավաբանության հետ զուգադրված, կա՛մ այստեղ՝ Տնտեսագիտականում, կա՛մ Հայ-Ռուսական համալսարանում»,- ասում է Քրիստինեն և նշում, որ մեր հալսարանում թե՛ դասախոսների բացառիկ ջերմ վերաբերմունքի, թե՛ դասընկերների ուշադրության շնորհիվ իր համար շատ հարմարավետ է:
Հուսանք՝ Քրիստինեն այս այցից և ուսումնառությունից հետո վերջնականապես կհաստատվի հայրենիքում, և նրան այլևս չենք ներկայացնի որպես օտարերկրացի ուսանողի:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին