Քառորդդարյա ճանապարհ. ՀՀ ազգային արժույթը 25 տարեկան է (տեսանյութ)
1993 թ. նոյեմբերի 22-ին շրջանառության մեջ դրվեց ՀՀ դրամը՝ դառնալով Հայաստանի երրորդ Հանրապետության պետական խորհրդանիշներից մեկը: Իր տնտեսական եզակի նշանակությամբ ու գործառույթներով ազգային արժույթը եկավ արտացոլելու մեր երկրի տնտեսության իրավիճակը, դարձավ նրա արդյունավետության ցուցիչը:
Հայկական դրամն այսօր ունի ճանաչում, ավանդույթներ, ճանաչելի է իր գրաֆիկական պատկերով և, վստահ ենք, կշարունակի կերտել հայկական արժույթի նորագույն պատմությունը՝ արձանագրելով կայունություն և արժևորում:
Ինչպես արդեն հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկը, այսօրվանից, ՀՀ դրամի 25-ամյակի առիթով, աստիճանաբար շրջանառության մեջ են դրվելու երրորդ սերնդի ՀՀ նոր թղթադրամները:
1.000 դրամ անվանական արժեքով թղթադրամը Պարույր Սևակի պատկերով է, 2.000-ը՝ Տիգրան Պետրոսյանի, 5.000-ը՝ Վիլյամ Սարոյանի, 10.000-ը՝ Կոմիտասի, 20.000-ը՝ Հովհաննես Այվազովսկու, 50.000-ը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի:
Թղթադրամների դիմերեսին նրանց դիմապատկերն է, պատկերներ ու խորհրդանիշներ նրանց ստեղծագործություններից, իսկ դարձերեսին՝ հատված հուշարձանից, նրանց նվիրված թանգարաններից և շենք-շինություններից:
Կենտրոնական բանկի տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղումով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին