Ինչպե՞ս ճանաչել հմտորեն կեղծված ապրանքները. ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի ներկայացուցիչները՝ ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 2936

ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսանողների և դասախոսների առաջարկով շարունակական կրթության և կարիերայի բաժինը «Ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձաքննություն» խորագրի ներքո կազմակերպեց «Դատաապրանքագիտական փորձաքննության էությունը, տեսակները, քրեաիրավական ոլորտում փորձաքննության լուծման ենթակա հարցերը և առկա խնդիրները» թեմայով բաց դաս: Բանախոսելու համար հրավիրված էին գործնական ոլորտի մասնագետներ՝ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ապրանքագիտական փորձաքննությունների բաժնի պետ Հովհաննես Գաբրիելյանը, բաժնի փորձագետներ Շուշանիկ Մովսիսյանը և Հարություն Թովմասյանը: Դասին ներկա էին շարունակական կրթության և կարիերայի բաժնի պետ Աիդա Առուստամյանը, աշխատակցները, կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնի դասախոսները, ևս 2 փորձագետ վերը նշված ՊՈԱԿ-ից:
Աիդա Առուստամյանը ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ համագործակցության համար, ուսանողներին հորդորեց ակտիվ լինել, անկաշկանդ ներկայացնել իրենց հետաքրքրող հարցերը:
Առաջինը ելույթ ունեցավ Հովհաննես Գաբրիելյանը, որի զեկույցը ճանաչողական էր, անդրադարձ Փորձաքննությունների ազգային բյուրոյի գործունեությանը, իրավասությունների շրջանակին, կառուցվածքին, գիտական գործունեությանն ու միջազգային համագործակցությանը: Հաջորդիվ Շուշանիկ Մովսիսյանը, տեսապատկերի միջոցով պարզաբանեց պարենային և ոչ պարենային ապրանքների փորձաքննության իրականացման հետաքրքրաշարժ գործընթացը: Նա շեշտադրեց, որ ապրանքագետ-փորձագետը պետք է շրջահայաց լինի, կարողանա կառավարել էմոցիաները և պատրաստ լինի տարբեր իրավիճակների:
«Հնարավոր է, որ ձեր փորձագիտական գնահատականը հիմնավորելու համար ձեզ կանչեն դատարան, դուք դա պետք է հանգստությամբ ընդունեք և անկաշկանդ պաշտպանեք ձեր եզրակացությունը»,-ասաց բանախոսը:
Փորձագետը մանրամասնորեն նկարագրեց, թե ինչպես են հետազոտել և գնահատել փորձաքննության ներկայացված մի շարք ապրանքներ, օրինակ՝ հմտորեն կեղծված ոսկե շղթաներ, հեռախոսներ, բրենդային ապրանքներ: Խոսվեց քրեաիրավական ոլորտում փորձաքննության լուծման ենթակա հարցերի, դատական ապրանքագիտության էության շուրջ: Լավ մասնագիտական եզրակացության հասնելու հարցում կարևորվեց թե´ իմացությունը, թե´ ժամանակակից տեխնիկայի առկայությունը:
Ելույթներն ամբողջացրեց Հարություն Թովմասյանը՝ շարունակելով բացահայտել ապրանքագետի մասնագիտության առանձնահատկությունները:
Ի դեպ, հյուրերը ՀՊՏՀ շրջանավարտներ էին և իրենց ելույթներում շնորհակալություն հայտնեցին լսարանում ներկա դասախոսներին՝ իրենց կրթելու, պրպտողի, քննողի ոգով դաստիարակելու համար:
Դասի վերջին հատվածում հարցուպատասխան էր:
Նշենք, որ նմանօրինակ մասնագիտական հանդիպումները շարունակական են:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին