Ֆինանսական ինստիտուտների գործունեությունը՝ հերթական գիտական սեմինարի առանցքում

Դիտումների քանակ՝ 2523

Բանկային գործի և ապահովագրության ամբիոնն այսօր հանդես եկավ գիտական աշխատանքների շուրջ հաշվետվությամբ, որին մասնակցում էին ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը, ամբիոնի աշխատակազմը՝ վարիչի ժ/պ Աշոտ Մարդոյանի գլխավորությամբ:

Պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, բացելով սեմինարը, անդրադարձավ ամբիոնային գիտական սեմինարներին՝ նշելով, որ նպատակ կա առաջիկայում փոխել ամբիոնային գիտական թեմաների ընտրության և ներկայացման ձևաչափը, ապա հավելեց՝  կներդրվեն մոտեցումներ, որոնք կխրախուսեն դասախոսների գիտահետազոտական գործունեությունը:

Պրոռեկտորը ներկայացրեց, որ ամբիոնն իրականացնում է երկու գիտահետազոտական թեմա՝ «ՀՀ ֆինանսական ինստիտուտների՝ բանկերի, ապահովագրական ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման ուղիները և տնտեսական աճի ապահովումը» և «ՀՀ բանկերի և ապահովագրական ընկերությունների ֆինանսական կայունության  հիմնախնդիրները և դրա ազդեցությունը տնտեսության վրա»:

Բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչի ժ/պ Աշոտ Մարդոյանը ելույթ ունեցավ՝ ներկայացնելով մի քանի հետաքրքրական տվյալ: Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին բանկային համակարգի ցուցանիշները բարձր են եղել, նույն պատկերն է եղել նաև վարկային ոլորտում, դինամիկ զարգացում է արձանագրվել կենսաթոշակային ֆոնդերում, իսկ ապահովագրական ոլորտը պահպանում է իր կայուն վիճակը: «Այս տարին աննախադեպ է եղել վարկերի ավելացման տեսանյկունից, որոնց մեծ մասը ապահովել են սպառողական վարկերը՝ այն էլ հիմնականում առցանց եղանակով տրվող»,- ասաց Աշոտ Մարդոյանը:

Այնուհետև զեկուցումներով հանդես եկան ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Հայկ Բեջանյանը՝  «Դրամավարկային և մակրոպրուդենցիալ քաղաքականությունների արձագանքը տնտեսական զարգացումներին» և ասպիրանտ Լևոն Քոչարյանը՝ «Գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագրի ներդրումը» թեմաներով:

Երկու զեկուցումներն էլ լայն քննարկման արժանացան, թեմաներին առնչվող մի շարք հարցեր՝ ինչպիսիք են  ՀՀ ներդրումային  դաշտը, ագրոապահովագրության միջազգային փորձը և այլն, մեկնաբանեցին Թաթուլ Մկրտչյանը, Դավիթ Հախվերդյանը, ամբիոնի ներկայացուցիչները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին