Գիտխորհրդի հերթական նիստում հաշվետվություններ ներկայացրեցին լաբորատորիաներն ու մասնաճյուղերը, ներկայացվեցին գիտական նոր թեմաներ

Դիտումների քանակ՝ 1647

ՀՊՏՀ նիստերի սրահում հագեցած օրակարգով այսօր կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը՝ ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր, գիտական խորհրդի նախագահ Կորյուն Աթոյանի նախագահությամբ:
«Սոցիալական հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Ելենա Մանուկյանը հանդես եկավ լաբորատորիայի գործունեության ընթացիկ վիճակի մասին հաշվետվությամբ՝ մասնավորապես ընդգծելով, որ լաբորատորիան աշխատանքները ծավալել է երկու հիմնական ուղղությամբ՝ գիտահետազոտական և ուսումնամեթոդական, նորարարական մեթոդների և տեսությունների ներդրումը խթանելու համար մշակել է պիլոտային մոդուլ, նախաձեռնել և մասնակցել է գիտական մի շարք քննարկումների, հրապարակել է «Հայաստան. սոցիալական միտումներ» էլեկտրոնային երկլեզու պարբերականը, մշակել է 13 դասընթացի ծրագիր, մինչև հունիսի վերջ կավարտի և կհրապարակի «Կարագի շուկայի վերլուծություն» զեկույցը: Լաբորատորիայի ղեկավարը անդրադարձավ նաև ապագայում նախանշված ծրագրերին:
Հաշվետու խոսքով ելույթ ունեցավ նաև «Ինովացիան և ինստիտուցիոնալ հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Ատոմ Մարգարյանը՝ մասնավորապես նշելով, որ իր ղեկավարած լաբորատորիան աշխատանքներ է իրականացնում 11 հիմնական հետազոտական ուղղություններով, լաբորատորիայի ղեկավարը և մյուս գիտնական-հետազոտողները մասնակցել են միջազգային և հանրապետական գիտաժողովների, լաբորատորիայի աշխատանքներում ներգրավվել են ասպիրանտներ և մագիստրանտներ, համագործակցություն է ստեղծվել հայաստանյան և արտերկրի գործընկերների հետ, հրապարակվել է «Հայաստան. Ինովացիոն և ինստիտուցիոնալ զարգացումներ» էլեկտրոնային երկլեզու պարբերականի 2 թողարկում: Անդրադառնալով ապագա անելիքներին՝ Ատոմ Մարգարյանը նշեց, որ ընթացքի մեջ է մագիստրոսական մեկ ծրագրի և երկու ուսումնական ձեռնարկի պատրաստումը, որոնք առաջիկայում կհասցվեն ավարտին: Երկու լաբորատորիաների ղեկավարներին էլ գիտխորհուրդը հարցեր հղեց, իսկ քննարկումից հետո նրանց հաղորդումներն ընդունեց ի գիտություն:
Օրակարգին համապատասխան՝ փակ, գաղտնի քվեարկության դրվեց տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության դոկտոր Արծրունի Թորոսյանին, կարավարման ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության դոկտոր Ռուբեն Հայրապետյանին պրոֆեսորի, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի փոխտնօրեն, ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Սուքիաս Ավետիսյանին և ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Լիանա Ֆիդանյանին դոցենտի գիտական կոչումներ տալու հարցը: Թեկնածուներին ներկայացրեց մրցութային հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր Արամ Սարգսյանը: Քվեարկության արդյունքներով ներկայացված թեկնածուները ստացան այն կոչումները, որոնց համար դիմել էին, իսկ փակ քվեարկության արդյունքները գիտխորհուրդը հաստատեց բաց քվեարկությամբ:
Հաշվետու ելույթներով հանդես եկան նաև ՀՊՏՀ երկու՝ Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղերի տնօրենները: Սամսոն Դավոյանը և Սոս Խաչիկյանը ներկայացրեցին մասնաճյուղերում ուսումնական և գիտահետազոտական աշխատանքների կազմակերպումը՝ մանրամասն անդրադառնալով կրթական-ուսումնական գործընթացի կազմակերպմանը, միջազգային գործունեությանը, գիտահետազոտական աշխատանքներին: Գիտական խորհուրդը հաշվետվություններն ընդունեց ի գիտություն, իսկ կատարված աշխատանքները գնահատեց բավարար:
Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը զեկուցեց «ՀՀ 2019թ. պետական բյուջեից ֆինանսավորում ստանալու նպատակով գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրերի հայտերը երաշխավորելու մասին» հարցը: Ներկայացվեցին և գիտխորհրդի կողմից հաստատվեցին հետևյալ 3 հայտերը՝ «Նոր հանրային կառավարման համակարգի արմատավորման առանձնահատկությունները և արդյունավետության գնահատումը Հայաստանի Հանրապետությունում» (ծրագրի ղեկավար՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տ.գ.դ., պրոֆեսոր Յուրի Սուվարյան), «ՀՀ տնտեսության կայուն զարգացման հնարավորությունները արտաքին տնտեսական գործոններին դիմագրավելու պայմաններում» (ծրագրի ղեկավար՝ տ.գ.թ., դոցենտ Կարեն Գրիգորյան) և «Սոցիալական կառավարման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» (ծրագրի ղեկավար՝ տ.գ.թ., դոցենտ Արևիկ Հովհաննիսյան):
Գիտխորհուրդը հաստատեց նաև ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ, ինչպես նաև հրատարակության երաշխավորեց ֆինանսների ամբիոնի դոցենտ. տ.գ.թ. Գրիգոր Մանուկյանի «Արտադրական կազմակերպությունների ֆինանսներ» և կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնի ներկայացրած «Բիզնեսի ներածություն» (վերահրատարակություն, համահեղինակներ՝ տ.գ.դ., պրոֆեսոր Կորյուն Աթոյան, տ.գ.թ., դոցենտներ Պարույր Քալանթարյան և Միքայել Մարդումյան) ուսումնական ձեռնարկները:
Գիտխորհրդում ներկայացված բոլոր զեկուցումները, հաշվետվություններն ու որոշումները, ինչպես միշտ, օրեր անց ամբողջությամբ հասանելի կլինեն ՀՊՏՀ պաշտոնական կայքում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին