Կանոնակարգերի հաստատում, հաշվետվություններ, զեկուցումներ․ կայացավ ՀՊՏՀ գիտական խորհրդի հերթական նիստը
ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը։ Օրակարգային առաջին հարցը՝ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների ձևավորման մասին, զեկուցեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ 2021-2022 ուսումնական տարում ձևավորվել է 37 ամփոփիչ ատեստավորման հանձնաժողով՝ ՀՊՏՀ-ում և երկու մասնաճյուղերում գործընթացը կազմակերպելու համար։ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը նշեց, որ նախորդ օրը շրջայց են կատարել և, ընդհանուր առմամբ, համալսարանում ամփոփիչ ատեստավորման գործընթացն իրականացվում է բնականոն հունով, բողոքարկումներ չկան։ Պրոռեկտորի հաղորդումն ընդունվեց ի գիտություն։
Կառավարման ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանը ներկայացրեց ֆակուլտետի տարեկան հաշվետվությունը՝ ընդգծելով, որ այն կազմվել է ՀՊՏՀ 2018-2022 ռազմավարական ծրագրի նպատակներին համապատասխան։ Դեկանի ներկայացրած հաշվետվությունը՝ առկա խնդիրներով և առաջարկվող լուծումներով գիտխորհուրդը հաստատեց։
ՀՊՏՀ ամբիոնի պատվավոր վարիչ, գիտական խորհրդին կից մրցութային հանձնաժողովի նախագահ, փ.գ.դ., պրոֆեսոր Արամ Սարգսյանը ներկայացրեց միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ, տ.գ.դ. Արարատ Գոմցյանին պրոֆեսորի, ֆինանսների ամբիոնի դասախոս, տ.գ.թ. Հրայր Մուրադյանին դոցենտի գիտական կոչումներ շնորհելու մասին հարցերը, որոնք գիտխորհուրդը հաստատեց փակ գաղտնի քվեարկությամբ։
Այնուհետև ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը զեկուցեց ՀՊՏՀ պատվավոր կոչումների շնորհման, միջազգային շարժունության նոր կանոնակարգերը հաստատելու և նախորդներն ուժը կորցրած ճանաչելու մասին։ Շարժունության կարգի վերաբերյալ բուհի ղեկավարն ընդգծեց, որ փաստաթղթում ամբողջացվել են փոխանակման ծրագրերին մասնակցության բոլոր կարգերը։ Ներկայացված կանոնակարգերը հաստատվեցին։
Պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը ներկայացրեց ՀՊՏՀ-ում ավարտական աշխատանքի կատարման, հրապարակային պաշտպանության նոր կանոնակարգը հաստատելու և նախորդն ուժը կորցրած ճանաչելու մասին, ինչպես նաև ՀՊՏՀ առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության կանոնակարգը հաստատելու մասին հարցերը։ Առաջին երկու կարգերի վերաբերյալ ռեկտոր Դիանա Գալոյանն ընդգծեց, որ ցանկություն կա ՀՊՏՀ-ում ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի ձևաչափը փոփոխելու և կառուցվածքը արևմտյան բուհերում ընդունված ձևաչափերին նմանեցնելու, որի նպատակը որակի բարելավումն է, ուսանողների հետազոտական կարողությունների զարգացումը։ Գիտխորհուրդը որոշեց այս կարգերը լրացնել նիստում հնչած առաջարկներով։ Ինչ վերաբերում է ՀՊՏՀ առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության կանոնակարգին, ապա ռեկտորը պարզաբանեց, որ կարգում կատարվել են ՀՀ ԿԳՄՍՆ նախարարի հրամանին որոշակի համապատասխանեցումներ, ապա հավելեց, որ այս տարի մեր համալսարանն ունի առկա մագիստրատուրայի 95 անվճար, 570 վճարովի տեղ։ Կարգը հաստատվեց, բայց մինչ այդ ռեկտորն անդրադարձավ նաև առկա բակալավրիատի հայտագրման գործընթացին՝ նշելով, որ արդյունքները գոհացուցիչ են։
Գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը զեկուցեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կողմից Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանն առաջարկվող «ՀՀ բիզնես միջավայրում առկա մարտահրավերները թվային տնտեսությանն անցման պայմաններում» խորագրով հետազոտական թեման, ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ հաստատելու մասին հարցեր։
Գիտական խորհուրդը հրատարակության երաշխավորեց հասարակագիտության ամբիոնի պրոֆեսոր, պատմ.գ.թ. Արարատ Հակոբյանի «Հայոց պատմություն (հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը)» ուսումնական ձեռնարկը և ֆինանսական հաշվառման ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.դ. Արմեն Հակոբյանի «Տրանսֆերային գնագոյացում» մենագրությունը։