Մալթայի, Դեմոկրիտի և RISEBA համալսարանների ներկայացուցիչները՝ ՀՊՏՀ-ում

23.05.2023
Դիտումների քանակ՝ 726

«Էրազմուս+»-ի միջազգային շարժունության ծրագրի շրջանակում մայիսի 12-18-ը ՀՊՏՀ-ում հյուրընկալվել է եվրոպական գործընկեր՝ Մալթայի արվեստի, գիտության և տեխնոլոգիայի համալսարանի դասախոս, աշխատավարձի գծով կառավարիչ Ֆրանսին Ֆարուջիան։ Այցի շրջանակում մայիսի 12-ին մալթացի հյուրը մասնակցել է ՀՊՏՀ-ում կազմակերպված «Տնտեսական զարգացման առաջնահերթություններ և մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտաժողովին։

Կառուցողական և համագործակցային էր նաև մայիսի 15-19 կայացած RISEBA կիրառական գիտությունների (Լատվիա) համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմերի ներկայացուցիչների՝ «Բիզնես կառավարում» կրթական ծրագրի տնօրեն, դասախոս Ալեքսանդրս Սկվորցովսի, «Ստարտափ տնտեսագիտություն և ֆինանսներ» կրթական ծրագրի տնօրեն, RISEBA ստեղծագործական բիզնես ինկուբատորի ղեկավար Ռիկարդս Սվիտինսի և «Բիզնես հոգեբանություն» կրթական ծրագրի տնօրեն Վալերիս Դոմբրովսկիսի այցը։

Նույն ժամանակահատվածում Տնտեսագիտական համալսարանը հյուրընկալել է նաև Թրակիայի Դեմոկրիտի համալսարանի (Հունաստան) կառավարման խորհրդի անդամ Էվանգելոս Դրումբետասին և նույն բուհի էկոնոմիկայի դեպարտամենտի տնօրեն Դիմիտրիոս Դիմիտրիոուին։ ՀՊՏՀ ասպիրանտների համար Դիմիտրիոս Դիմիտրիոուն մայիսի 19-ին դասախոսել է «Բիզնես ինտելեկտը՝ կարևորագույն ենթակառուցվածքների արդյունավետ կառավարման և կայուն զարգացման համար» թեմայով։

Գործընկեր համալսարանների ներկայացուցիչներին ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում մայիսի 16-ին ընդունել են ռեկտոր Դիանա Գալոյանը, արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանն ու միջազգային կապերի բաժնի աշխատակիցները։ Աշխատանքային հանդիպման ընթացքում եվրոպացի գործընկերների հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի շարժունությունն ակտիվացնելու, միջազգային նոր ծրագրեր մշակելու, բուհերի միջև գործընկերությունն ընդլայնելու վերաբերյալ։

Այնուհետև հյուրերին ներկայացվել են ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի գործունեությունը, հետազոտական ծրագրերը։ Եվրոպացի գործընկերների հետ կենտրոնի փորձագետներն ու հետազոտողներն արծարծել են համատեղ ուսումնասիրություններ իրականացնելու հնարավորությունները։ Կառուցողական քննարկումները շարունակվել են ՀՊՏՀ Change Lab-ում։ Ղեկավար Արտակ Ասլանյանը հյուրերին ներկայացրել է Change Lab-ի աշխատանքները, առաջիկա նախագծերը։ Եվրոպացի գործընկերների համար համալսարանում կազմակերպվել է նաև շրջայց։