ՀՀ նախագահի մասնակցությամբ բժշկական ինդուստրիայի հիմնախնդիրների շուրջ կլոր սեղան-քննարկում ՀՊՏՀ-ում

31.05.2024
Դիտումների քանակ՝ 824

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր կայացավ կլոր սեղան-քննարկում «ՀՀ տնտեսության առաջանցիկ աճի ուրվագծեր. բժշկական ին­դուստրիա» խորագրով, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության նա­խագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը, առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, առողջապահության ոլորտի, ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ, պաշտոնյաներ, առողջա­պա­հական ոլորտի մարզային ներկայացուցիչներ։

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ Արմեն Գրիգորյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ նախագահին՝ միջոցառմանը մասնակցելու համար, ապա անդրադարձավ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի գործունեությանը։ Բուհի ղեկավարի խոսքով՝ կենտրոնը յուրաքանչյուր տարի հանրապետության տնտեսության կարևորագույն խնդիրների շուրջ հետազոտություններ է կատարում, և այս անգամ ընտրվել է բժշկական ինդուստրիայի զարգացման թեման, որը խիստ արդիական է։

ՀՀ նախագահը, ողջունելով մասնակիցներին, կարևորեց մեր երկրում առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը, սակայն նկատեց՝ հարցն ունի համակողմանի քննարկման և ուսումնասիրման կարիք, բացի դրանից, կարևոր է հանրության լայն շրջանակի փոխըմբռնումը։ Նախագահը կարևորեց նաև մարզային պատասխանատուների մասնակցությունը։

«Մենք իսկապես կարևորում ենք քաղաքացիների առողջապահության կազմակերպման խնդիրները, սակայն պետք է հասկանանք, թե որքանով են այդ նպատակին ուղղվող գումարներն արդյունավետ ծախսվում»,- մասնավորապես նշեց ՀՀ նախագահը՝ հավելելով, որ ՀՀ Կառավարությունը հետևողական է նաև կրթության ոլորտում ներդրումների արդյունավետության հարցում։

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը նույնպես շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին՝ հրավերն ընդունելու համար, ապա նշեց, որ հետազոտությունը, լինելով բազմանդամ հետազոտական խմբի աշխատանքի արդյունք, կարող է պարունակել վիճահարույց և ոչ միանշանակ մոտեցումներ, սակայն կարևորն այն է, որ հետազոտողներն առաջնորդվել են անաչառության և գիտականության պահպանման սկզբունքներով, որովհետև կենտրոնի նպատակը հանրային կարևորագույն խնդիրների քննարկման հարթակ դառնալն է։

Քննարկման առանցքում ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «ՀՀ տնտեսության առաջանցիկ աճի ուրվագծեր. բժշկական ինդուստրիա» կոլեկտիվ մենագրությունն էր, որի շուրջ զեկույցներով հանդես եկան կենտրոնի փորձագետներ Գագիկ Բադադյանն ու Գագիկ Հակոբյանը՝ ներկայացնելով «ՀՀ առողջապահական համակարգի ընթացիկ վիճակը և առողջապահական ծառայությունների ֆինանսավորման հիմքերը» և «Առողջության ապահովագրությունը որպես ՀՀ առողջապահության համակարգի զարգացման բաղադրիչ» թեմաները։

Ընթացավ շահագրգիռ քննարկում, մասնակիցները ներկայացրին իրենց հուզող հար­ցերը, հետազոտողները մեկնաբանեցին կատարված աշխատանքի նրբությունները, մեթոդաբանությունը։ Միջոցառումն ավարտվեց խնդրո առարկայի շուրջ քննարկում­ների շարունակականությունն ապահովելու կողմերի պատրաստակամության ընդ­գծմամբ։

Կլոր սեղան-քննարկման մյուս նկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում