Կայացավ 2022-2023 ուսումնական տարվա ՀՊՏՀ գիտական խորհրդի վերջին նիստը

04.07.2023
Դիտումների քանակ՝ 882

2022-2023 ուսումնական տարվա ՀՊՏՀ գիտական խորհրդի վերջին նիստն կայացավ հուլիսի 3-ին՝ սեղմ օրակարգով։ Նիստը վարում էր ՀՊՏՀ ռեկտոր, գիտական խորհրդի նախագահ Դիանա Գալոյանը։

Օրակարգում երկու՝ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ու ֆինանսական ֆակուլտետների դեկանների հաշվետվություններն էին։

2022-2023 ուստարվա առաջին կիսամյակում ֆակուլտետներում իրականացված ուսումնական և գիտահետազոտական աշխատանքների կատարման մասին հաշվետվությամբ հանդես եկան ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը և ֆինանսական ֆակուլտետի դեկան Վահե Միքայելյանը։ Անդրադառնալով ուսման առաջադիմությանը՝ նրանք ընդգծեցին, որ երկու ֆակուլտետներում էլ շարունակում է առաջադիմությունը բարձր լինել առկա կրթաձևում։ Դեկանները խոսեցին նաև գիտահետազոտական գործունեության մասին՝ շեշտադրելով ակադեմիական կազմի գիտական հրապարակումների, միջազգային ծրագրերում ֆակուլտետների աշխատակազմերի և ուսանողների ներգրավվածության և այլ հարցեր։

Հիմնախնդիրների շարքում նշվեցին կարգապահական թերացումները, ուսումնական ձեռնարկների և մենագրությունների, ազդեցության գործակից ունեցող միջազգային ամսագրերում գիտական հրապարակումների սակավությունը, առաջադիմության մակարդակի տատանումները՝ ըստ կուրսերի, ուսանողների ուշացումները, էլեկտրոնային մատյաններում նշումներ կատարելու թերացումները, անհատական աշխատանքների որակի ոչ պատշաճ մակարդակը և այլ խնդիրներ։

Դեկանների հաշվետվություններն ընդունվեցին ի գիտություն, և կատարվածը գնահատվեց բավարար։

Ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ հաստատելու մասին հարցը զեկուցեց գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը։ Գիտական խորհուրդը հրատարակության երաշխավորեց ՀՊՏՀ ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանի, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տ․գ․թ․, դոցենտ Արմեն Գրիգորյանի, որակի ապահովման բաժնի պետ, տ․գ․թ․, դոցենտ Կարեն Գրիգորյանի և ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկան, տ․գ․թ․, դոցենտ Գրիգոր Նազարյանի համահեղինակած «ՀՊՏՀ որակի ապահովման ձեռնարկը»։

Ամփոփելով նիստը՝ ռեկտոր Դիանա Գալոյանն ընդգծեց, որ անցնող ժամանակաշրջանում բուհն ունեցել է մի շարք ձեռքբերումներ, այդ թվում՝ դիմորդների թվի աճը ոչ միայն բակալավրիատում, այլև մագիստրատուրայում, կրթական ծրագրերի բարեփոխման գործընթացի շարունակականությունը, միջազգայնացման գործընթացի հաջողությունները՝ ծրագրերի, գործընկերների ցանցի ընդլայնում, խոշոր միջոցառումների կազմակերպումը, հետևողական քայլերը վարկանշավորման ուղղությամբ, դասախոսների և աշխատակիցների վերապատրաստումը։ Բուհի ղեկավարը չանտեսեց նաև հիմնախնդիրները՝ շեշտելով, որ ընթացիկ շրջանում դրանք հիմնականում վերաբերել են կարգապահական, վերահսկողական հարցերին, աշխատանքի ոչ պատշաճ իրականացմանը և ընդգծեց՝ գալիք ուսումնական տարին բուհի հնգամյա ռազմավարությամբ հայտարարված է որակի տարի, իսկ որակի ապահովման համար վերը նշված հիմնախնդիրները պետք է առաջնահերթորեն կարգավորվեն։