Գիտաուսումնական լաբորատորիաները ներկայացնում են էլեկտրոնային պարբերականի նոր համարները

Դիտումների քանակ՝ 1807

ՀՊՏՀ գիտաուսումնական երկու լաբորատորիաները հանդես են եկել էլեկտրոնային պարբերականի նոր համարների ներկայացմամբ: «Դրամավարկային քաղաքականություն և տնտեսական աճ» ԳՈՒԼ-ի էլեկտրոնային պարբերականի 3-րդ թողարկումը նվիրված է ՀՀ հարևան երկրների՝ Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի դրամավարկային քաղաքականությունների համեմատական վերլուծությանը: Սույն թեմայով նախևառաջ լաբորատորիան կազմակերպել է կլոր սեղան, որին մասնակցել են նաև ԿԲ ներկայացուցիչներ, իրականացվել է քննարկում, կատարվել են մեկնաբանություններ և առաջարկներ: Թողարկմանը մասնակցություն են ունեցել լաբորատորիայի շրջանակներում ձևավորված հետազոտական խմբերը, դրանցում ներգրավված են եղել լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Տաթևիկ Ազատյանը, կառավարչական հաշվառում և աուդիտ մասնագիտության բակալավրիատի 4-րդ կուրս ուսանողուհիներ Լիանա Մնոյանը և Մերի Մելքոնյանը, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերություններ ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողներ Անի Շավարշյանը, Սվետլանա Խառատյանը, Ինգա Ղալայանը, Անի Ղազարյանը, Գայանե Բաղումյանը, Տոնիկ Շահբազյանը, Այս ֆակուլտետի ուսանողների աշխատանքները ղեկավարել է մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, տ.գ.թ. դոցենտ Կարեն Գրիգորյանը, իսկ ընդհանուր աշխատանքները համակարգել է լաբորատորիայի ղեկավար, տ.գ. դ. պրոֆեսոր Աշոտ Մաթևոսյանը:
Ինչպես հայտնում է ԳՈՒԼ ղեկավարը, այս թողարկման հիմնական նպատակն է ընթերցողին ներկայացնել հարևան երկրներում դրամավարկային քաղաքականությունը, դրամավարկային քաղաքականության ռազմավարության նկարագիրը, փոխանցման մեխանիզմը: Կատարվել են նաև համեմատականներ ՀՀ-ի հետ: Խմբի նոր թողարկումը հասանելի է այստեղ:
«ֆինանսական ներգրավվածություն» ԳՈՒԼ-ի էլեկտրոնային պարբերականի 3-րդ թողարկման մասին հայտնում է ղեկավար, տ.գ.դ Սերգեյ Սուքիասյանը: Նրա խոսքով, ներկայումս «ֆինանսական ներգրավվածությունը» լայնորեն կիրառվում է «ֆինանսական կայունություն» և «ֆինանսական զարգացում» բառակապակցություններին զուգահեռ: «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո, «ֆինանսական կայունությանը» զուգահեռ շրջանառվում են հասկացություններ, որոնք ուղղակիորեն վերաբերում են ֆինանսական հատվածի մասնակիցներին և նրանց կատարած գործառույթներին: Դրանք են «ֆինանսական ներգրավվածությունը» (financial inclusion) և «ֆինանսական զարգացումը» (financial development): Առաջանում է «ֆինանսական կայունության» հետ նշվածների փոխառնչությունների պարզաբանման պահանջ: Պարբերականը նվիրված է նշված հասկացությունների փոխառնչություններին և ընդգրկումներին»,- ասաց նա: Այս խմբի թողարկումը հասանելի է այստեղ:

ՀՊՏՀ 4 գիտաուսումնական լաբորատորիաներին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ կայքում բացված հատուկ բաժնում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին