ՀՊՏՀ բակալավրիատում հայտագրումն ավարտվել է, սկսվել է առկա մագիստրատուրայի հայտագրումը

Դիտումների քանակ՝ 1820

Երեկ՝ հունիսի 4-ին ավարտվեց 2018-2019 ուսումնական տարվա համար հայտարարված բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման դիմում հայտերի ընդունելության առաջին փուլը, իսկ այսօր մեկնարկեց 2018-2019 ուսումնական տարվա առկա մագիստրատուրայի (անվճար և վճարովի) դիմում հայտերի ընդունելությունը:

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը շարունակում է հայտագրումը: Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արա Մկրտչյանը մեր խնդրանքով հրապարակեց ՀՊՏՀ դիմորդների թիվն առաջին փուլի արդյունքով և մեկնաբանեց. «Երեկ, օրվա ավարտին մեր համալսարանի դիմորդների թիվը հասավ 462-ի, այս տարվա առանձնահատկությամբ պայմանավորված՝ սա դրական ցուցանիշ է: Ամենաշատ հայտագրված ֆակուլտետը ֆինանսականն է, այնուհետև նվազման կարգով՝ կառավարում, հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի), տնտեսագիտություն, շուկայագիտություն (մարքեթինգ) (ըստ ոլորտի), վիճակագրություն»:

Պատասխանատու քարտուղարը նաև տեղեկացրեց, որ հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը կանցկացվի բակալավրիատի ընդունելության երկրորդ՝ լրացուցիչ փուլը, որին կարող են դիմել ՀՀ երկքաղաքացիներն ու օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդները, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտները: Մանրամասն՝ այստեղ:

Բարի գալուստ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին