«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը հյուրընկալվեց ՀՊՏՀ-ում
«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանն այսօր հյուրընկալվեց մեր համալսարանում և հանդիպում ունեցավ միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտության 3-րդ և տնտեսագիտություն մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ Դիանա Գալոյանը, ամբիոնի դասախոսներ: Հանդիպումը կազմակերպվել էր նույն ամբիոնի դոցենտ Վերգինե Կիրակոսյանի նախաձեռնությամբ՝ «Միջազգային գիտատեխնիկական կապեր» դասընթացի շրջանակներում:
Հովիկ Մուսայելյանը հանդես եկավ հետաքրքիր դասախոսությամբ՝ նախ նշելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ՀՀ Կառավարության կողմից հռչակվել է գերակա ուղղություն, ապա ներկայացրեց իրենց ընկերության սկզբնավորման պատմությունը, ոլորտի զարգացման հիմքերն ու հայ մասնագետների ներուժը՝ ընդգծելով, որ ՏՏ ոլորտում լավագույնս զարգանում է միկրոսխեմաների նախագծման ուղղությունը: Ընկերության տնօրենը ներկայացրեց համալսարանների հետ իրենց համագործակցությունն ու իրականացվող կրթական ծրագրերը, ապա սիրով պատասխանեց լսարանի հարցերին:
Հանդիպման ավարտին ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհակալություն հայտնեց Հովիկ Մուսայելյանին՝ հյուրընկալության և հետաքրքիր դասախոսության համար, ապա ավելացրեց, որ ՀՊՏՀ-ն պատրաստ է համագործակցության, եթե լինեն անհրաժեշտ ձևաչափեր: Փոխադարձաբար ընկերության տնօրենը ևս շնորհակալություն հայտնեց հանդիպման համար՝ ընդգծելով, որ ինքը կարևորում է համալսարանների հետ շփումները, ապա ուսանողներին մաղթեց հաջողություններ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին