Վաճառքը նախևառաջ բանակցելու հմտություն է. Էմիլ Կրոյանը վարպետաց դաս վարեց ՀՊՏՀ-ում
Նոր կիսամյակի մեկնարկին զուգընթաց ՀՊՏՀ-ում սկսվել են արդիական թեմաներով բաց դասերը, որոնք վարում են հրավիրյալ մասնագետներ:
Այսօրվա հյուրը Targeting և ArmAdventure ընկերությունների համահիմնադիր և կոմերցիոն տնօրեն, ՀՊՏՀ շրջանավարտ Էմիլ Կրոյանն էր, ով խոսեց «Վաճառքի տեսակները և առանձնահատկությունները ՀՀ-ում» թեմայով:
Նրան ներկայացրեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը՝ նշելով, որ բաց դասերը միտված են լրացնելու լսարանում ուսանողների ստացած տեսական գիտելիքները, ինչպես նաև մոտիվացնելու նրանց:
«Հատկանշական է, որ բաց դասերի բանախոսները նաև ՀՊՏՀ շրջանավարտներն են, ովքեր հասել են նշանակալի ձեռքբերումների: Անշուշտ, նրանց փորձը, սիրելի ուսանողներ, կարող է ոգևորիչ լինել ձեզ համար»,-ասաց բուհի ղեկավարը:
Դասին խոսվեց հայաստանյան շուկայում էմոցիոնալ և ռացիոնալ վաճառքների, խոշոր և մանր գործարքների կազմակերպման առանձնահատկությունների, բիզնեսում վաճառքների կարևորության, մարքեթինգի և վաճառքի ծավալի փոխկապվածության մասին:
asue.am-ի հետ զրույցում Էմիլ Կրոյանը նշեց, որ վարպետաց դասի հիմնական ուղերձն այն էր, որ վաճառքը նախևառաջ բանակցելու հմտություն է. եթե բիզնես ոլորտի ներկայացուցիչը կարողացավ գրագետ բանակցել, կկարողանա նաև շատ վաճառել:
Հավելենք, որ ՀՊՏՀ շրջանավարտը վաճառքի ոլորտում 8 տարվա փորձ ունի, վերապատրաստել է վաճառքի ավելի քան 150 մասնագետի, արդյունավետ բանակցությունների և վաճառքի տեխնիկաների գրագետ կիրառման արդյունքում կնքել է 650-ից ավելի պայմանագիր: Նրա ղեկավարած թիմերը վերջին 3 տարվա ընթացքում կնքել են ավելի քան 2300 պայմանագիր:
Դասը կազմակերպել էր ՀՊՏՀ աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժինը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին