ՀՊՏՀ-ում մեկնարկել է հերթական կարճաժամկետ դասընթացը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում փետրվարի 11-ին մեկնարկել է հերթական կարճաժամկետ դասընթացը՝ նվիրված R ծրագրավորման լեզվին: Դասընթացը վարում է «Դեյթամոտուս» ընկերության համահիմնադիր, ՀՊՏՀ շրջանավարտ Վահե Մովսիսյանը:
ՀՊՏՀ շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի պետ Աղավնի Հակոբյանի տեղեկացմամբ, դասընթացին մասնակցում են ՀՊՏՀ դասախոսներ և ուսանողներ, ՀՀ կենտրոնական բանկի, առևտրային բանկերի և այլ կազմակերպությունների աշխատակիցներ ( 17 մասնակից):
Դասընթացի մասնակիցներին ողջունել է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը՝ կարևորելով կարճաժամկետ դասընթացների ոլորտում ՀՊՏՀ դիրքավորման գործում արդեն իսկ արձանագրված հաջողությունները, նոր գիտելիք և հմտություններ ձեռքբերելու ՀՊՏՀ դասախոսների, աշխատակիցների և ուսանողների պատրաստակամությունը: Միևնույն ժամանակ, բուհի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել հայաստանյան առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ ՀՊՏՀ-ին վստահելու համար։
Ինչպես նշում են կազմակերպիչները, R դասընթացը խիստ արդիական է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագրավորման լեզուների օգտագործումը բարձրացնում է ավելի բարդ տնտեսամաթեմատիկական մոդելներ ստանալու արդյունավետությունը: Տվյալագիտության մեջ համընդհանուր լեզվի համբավ ձեռք բերող R ծրագրավորման լեզուն լայնորեն կիրառվում է վիճակագիրների կողմից և անընդհատ ընդգրկում է վիճակագրական տվյալների մշակման նոր ուղղություններ։
Հիշեցնենք, որ ՀՊՏՀ-ն 2019թ. հայտարարեց կարճաժամկետ դասընթացների շուկայում դիրքավորվելու մասին և արդեն հաջողությամբ իրականացրել է շուրջ մեկ տասնյակ դասընթաց՝ ամենատարբեր ոլորտների վերաբերյալ՝ անձնակազմի կառավարումից մինչև նախագծերի կառավարում, առողջապահության ոլորտի մասնագետների վերապատրաստում և այլ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին