ՀՀ բնակչության զբաղվածության և մարդկային ռեսուրսների կառավարման առանձնահատկությունների շուրջ՝ գիտական սեմինարում

Դիտումների քանակ՝ 1436

ՀՊՏՀ աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի գիտական սեմինարում այսօր քննարկվեց «Բնակչության զբաղվածության և մարդկային ռեսուրսների կառավարման հիմնախնդիրները ՀՀ-ում» թեման: Մասնակցում էին գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի ղեկավար Միքայել Մելքումյանը, տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ Ֆիրուզա Մայիլյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը, ավագ փորձագետ Սամվել Ավետիսյանը, հետազոտողներ, ուսանողներ, ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը՝ վարիչի ժ/պ, պրոֆեսոր Անահիտ Մելքումյանի գլխավորությամբ: Սեմինարի հատուկ հյուրերն էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի ղեկավար Հայկուհի Գևորգյանը և գլխավոր մասնագետ Ալլա Գևորգյանը:

Մասնակիցներին ողջունեց Թաթուլ Մկրտչյանը՝ ներկայացնելով ամբիոնային գիտական թեմաների շուրջ ներկայացվող հաշվետվությունների ընթացքը, ապա Անահիտ Մելքումյանը զեկուցեց «Մարդկային ռեսուրսների զարգացումը և աշխատաշուկայի հիմնախնդիրները» թեմայով: Հայաստանում զբաղվածության պատկերի մասին ներկաներին ամփոփ տեղեկատվություն հաղորդեց Միքայել Մելքումյանը: Թեմայի առնչությամբ փաստեր ու կարծիքներ հայտնեցին նաև Ալլա Գևորգյանը, Թաթուլ Մկրտչյանը՝ անդրադառնալով նաև կրթության և զբաղվածության կապին:

Ամբիոնի ասիստենտ Արևիկ Դավթյանը զեկուցեց «Մարդկային ռեսուրսների կառավարման հիմնախնդիրները» (Globbing ընկերության օրինակով, նա ընկերության ՄՌԿ տնօրենն է), Մարիա Սահակյանը՝ «Կարիերայի կառավարումը և մասնագիտական կողմնորոշումը» թեմաներով:

Մասնակից ուսանողների համար, որոնք հիմնականում ավարտական կուրսերից էին, թեման ևս հետաքրքրական էր. ո՞ր մասնագետներն են ամենապահանջվածն աշխատաշուկայում, ի՞նչն է կարևորում այսօրվա գործատուն, ի՞նչ հիմնախնդիրներ կան, ի՞նչ աշխատավարձ է տրվում մասնագիտական և ոչ մասնագիտական աշխատանքների պարագայում...հարցեր, որոնց պատասխանները նրանք ստացան այսօրվա գիտական քննարկմանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին