Կայացավ ՀՊՏՀ Change Lab-ի շնորհանդեսը. նոր հարթակ, որտեղ ՀՊՏՀ ուսանողներին կօգնեն դառնալ փոփոխությունների կառավարիչներ

Դիտումների քանակ՝ 2286

Տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի ունեցավ նոր նախագծի՝ ՀՊՏՀ «Փոփոխությունների կառավարում» (Change Lab) լաբորատորիայի շնորհանդեսը, որին ներկա էին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը, դեկաններ, ղեկավար կազմի ներկայացուցիչներ, դասախոսներ և ուսանողներ:

Շնորհանդեսը բացեց պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը՝ նախ ընդգծելով, որ լաբորատորիայի բացումն ազդարարում է ՀՊՏՀ նոր նախաձեռնություններից մեկի մեկնարկը, ապա ներկայացրեց լաբորատորիայի էությունը: Արմեն Գրիգորյանը նշեց, որ Change Lab -ի գործունեության ամբողջ նպատակը ՀՊՏՀ ուսանողներին մի շարք հմտություններ փոխանցելն է, որոնց շնորհիվ նրանք կկարողանան կազմակերպություններում աշխատել որպես փոփոխությունների կառավարիչներ կամ խնդիր լուծողներ (problem solver): «Վստահ եմ, որ Change Lab-ի շնորհիվ մենք կկարողանանք կայուն կամուրջ կառուցել ուսանողների և գործատուների միջև, քանի որ համոզված ենք, որ մեզ մոտ սովորում են ընդունակ և տաղանդավոր ուսանողներ: Նաև վստահ ենք, որ հանձին ձեզ, մեր համալսարանում են սովորում ոչ միայն խնդիրներ լուծելու, այլև բիզնես գաղափարներ առաջադրելու և կյանքի կոչելու ունակ ուսանողներ»,-ասաց պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը՝ հույս հայտնելով, որ կարճ ժամանակ անց ՀՊՏՀ ուսանողները լավագույն կազմակերպություններում կդառնան փոփոխությունների կառավարիչներ:

Change Lab-ի համահիմնադիրներ Կարեն Սարգսյանն ու Արտակ Ասլանյանը հանգամանալից ներկայացրեցին լաբորատորիայի գործունեությունը. Change Lab-ը կհավաքագրի գործատուների կարիքներն ու խնդիրները, ապա դրանց համապատասխան հմտություններ, կոմպետենցիաներ և գործիքակազմ կփոխանցի ուսանողներին՝ նրանց դարձնելով ոչ թե լավ մասնագետ, այլ կոնկրետ հիմնախնդրի վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքով զինված «խնդիր լուծողներ», որոնք կլինեն այլընտրանքային լուծումներ փնտրողներ, պրոակտիվ աշխատակիցներ: Բացի այս, լաբորատորիան ունի գործունեության երկրորդ ուղղությունը, որը ուսանողներին հնարավորություն կընձեռի գեներացնելու սոցիալական և բիզնես գաղափարներ ու կյանքի կոչելու դրանք: Նրանց կօգնեն նաև ֆինանսական միջոցներ գտնելու՝ այդ գաղափարներն իրականացնելու համար:

ՀՊՏՀ Change Lab-ի հարթակում առաջին կուրսը անվճար է, գրանցվելու և այլ տեղեկությունների համար կարող եք այցելել կայք՝ http://www.changelab.am/ : Առաջին խմբի հետ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 16-ին, ժամը 16.00-ին: Առաջին կուրսին մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով: Հավելենք նաև, որ Change Lab-ի շրջանավարտները կստանան վկայականներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին