Ավարտվեց Soft Skills Journey դասընթացը

04.06.2024
Դիտումների քանակ՝ 781

Հունիսի 3-ին ՀՊՏՀ Change Lab-ում ավարտվեց Soft Skills Journey անվճար երկամսյա դասընթացը, որի նպատակն էր օգնել երիտասարդ մասնագետներին` արձանագրել կարիերայի թռիչքային աճ՝ հիմնված կարողությունների ու փափուկ հմտությունների վրա:

Մասնակիցներին ողջունեց և շնորհավորեց Change Lab-ի ղեկավար Արտակ Ասլանյանը՝ նշելով, որ այս դասընթացը այն եզակիներից էր, որի մասնակիցների մեծամասնությունն առաջին կուրսեցիներ էին։

Նշենք, որ դասընթացին մասնակցելու հայտ էր ներկայացրել ավելի քան 100 ուսանող, որից ընտրվել էր 80-ը, իսկ դասընթացը հաղթահարեց և ավարտեց 40-ը։ Ինչպես նշեց Արտակ Ասլանյանը, ավարտողների մեկ տասնյակից ավելին արդեն իսկ աշխատանք է գտել։

ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ Արմեն Գրիգորյանը շնորհավորեց մասնակիցներին և համոզմունք հայտնեց, որ դասընթացից հետո նրանք ավելի մրցունակ կդառնան, քանի որ ձեռք են բերել նոր գիտելիք, փափուկ հմտություններ և առաջնորդման կարողություններ։ Բուհի ղեկավարը հորդորեց ուսանողներին «չվախենալ սխալվելուց և միշտ բաց լինել սովորելու առջև», մասնակցել նմանօրինակ ծրագրերին և զարգացնել մասնագիտական ներուժը․ «Հիշե΄ք․ դուք ապագայում մեծաթիվ մարդկանց եք առաջնորդելու և պետք է ամենայն պատասխանատվությամբ մոտենաք ձեր ընտրած ճանապարհին»։

Իրենց կարծիքներն ու տպավորություններն արտահայտեցին երկամսյա դասընթացի բանախոսները՝ բարձր գնահատելով բուհի կողմից համանման նախաձեռնությունները, ինչպես նաև կարևորելով դրանց շարունակականությունը։ Այս երկու ամիսների ընթացքում մեր ուսանողների հետ սրտացավորեն աշխատել են լավագույն մասնագետներ՝ հաղորդակցության և առաջնորդության քոուչ-մենթոր Քրիստինե Ասատրյանը, Big Mind կրթական կենտրոնի հիմնադիր տնօրեն, հաղորդակցության մասնագետ, նեյրոլեզվական ծրագրավորման (ՆԼԾ) պրակտիկ դասընթացավար Հակոբ Մակդիսը, Moto-taxi Yerevan ընկերության հիմնադիր տնօրեն Արսեն Շամիլյանը, կոնֆլիկտաբան, ICF քոուչ, դասընթացավար, EMBA Effectiva արդյունավետության կենտրոնի հիմնադիր, «Արի խոսենք» հոգեբանական կենտրոնի ղեկավար Աստղինե Խաչատրյանը, Vardanyan's Training Centre-ի համահիմնադիր Սիրան Վարդանյանը, Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի նախագահ, ֆինանսական փորձագետ-խորհրդատու, ֆինանսական տնօրեն Սողոմոն Միրզոյանը, ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական, կառավարման և ՍՁ ոլորտի փորձագետ, ՍՁ դպրոցի և միջազգային ակադեմիայի խորհրդի անդամ, փորձագետ Կարեն Սարգսյանը, «Իրականացրու նպատակներդ 101 օրում» մոտիվացիոն ծրագրի հեղինակ, բիզնես էթիկայի ոլորտի դասընթացավար Թամարա Ավանեսյանը, «Պարադետ» խորհրդատվական ընկերության տնօրեն Նարե Սարգսյանը, Smartology Digital Business Academy-ի հիմնադիր Արտակ Հարությունյանը։ Soft Skills Journey դասընթացին մեր ուսանողներն ուսումնասիրել են բազմաթիվ արդիական թեմաներ․ «Փոփոխությունների կառավարում», «Բիզնես էթիկա», «Կոնֆլիկտների ու թիմերի արդյունավետ կառավարում», «Մոտիվացիա, հաղորդակցման հմտություններ», «Ֆինանսական գրագիտությունը բոլորի համար», «Բիզնեսում ֆինանսական գրագետ կառավարման կարևորությունը», «Ինչպե՞ս գրագետ կազմել ռեզյումե և արդյունավետ ներկայանալ գործատուներին», «Ինքնաճանաչում և ինքնակառավարում», «2024 թվականի արհեստական բանականության թրենդերը և դրանց դերը մարքեթինգում» և այլն։

Միջոցառման ավարտին դասընթացի մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր։

Օրվա մյուս լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում