Ուսանողական մարզական խաղերը վերսկսվել են. ՀՊՏՀ ուսանող-մարզիկները մասնակցում են բոլոր առաջնություններին

Դիտումների քանակ՝ 1351

Երկար դադարից հետո վերսկսվել են ուսանողական մարզական միջոցառումները: Սեպտեմբերի 20-ին, Համալսարանական սպորտի միջազգային օրվա (IDUS) նշանավորմամբ, վերաբացվել են ՀՀ ուսանողական 21-րդ մարզական խաղերը (բացօթյա)՝ կրկին համախմբելով հայաստանյան բուհերի ուսանող-մարզիկներին: Կազմակերպիչը ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան է՝ ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ:

Այս մասին asue.am-ին տեղեկացրեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ, ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը:

«Այս տարի խաղերում ներառել ենք նոր մարզաձևեր. ֆեդերացիայի ջանքերով կանցկացվեն առաջնություններ լողափնյա վոլեյբոլից, փեյնթբոլից, սպորտային ժայռամագլցումից, թեքբոլից, 3x3 բասկետբոլից,  կիբեռսպորտից, կիրականացվի ձմեռային ձևերի փառատոն»,-ասաց միջոցառման կազմակերպիչը:

Օրերս մեկնարկել է նաև «Համալսարանական սպորտի փառատոն» միջոցառումը՝ Հայաստանի և Վրաստանի ուսանողների մասնակցությամբ, որը ներառում է կրթական սեմինարներ, առցանց քննարկումներ, հուշագրերի ստորագրումներ, ինչպես նաև առցանց շախմատի և կիբեռսպորտի մրցաշարեր: Այն կեզրափակվի նոյեմբերի 1-ին: Բոլոր մարզական հանդիպումներն անցկացվում են բացօթյա կամ առցանց՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները:

Նշենք, որ Համալսարանական սպորտի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը մասնակցում էին 10 բուհերի 150 մարզիկներ, իսկ խաղերում ընդհանուր առմամբ կներգրավվեն շուրջ 2000 ուսանող-մարզիկներ, ՀՊՏՀ-ականները կմասնակցեն բոլոր առաջնություններին: Խաղերը ամեն տարվա պես կամփոփվեն դեկտեմբերի վերջին: Մաղթում ենք բարի երթ, և հույս հայտնում, որ առիթներ կունենանք անդրադառնալու մեր մարզիկների հաջողություններին:

Հ.Գ. Լուսանկարը՝ լողափնյա վոլեյբոլի առաջնությունից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին