ՀՊՏՀ ուսանողները՝ միջազգային ինտելեկտուալ մրցույթի դափնեկիրներ

Դիտումների քանակ՝ 2147

Հայաստանի տնտեսագիտական մայր բուհի սաները, դրսևորելով իրենց վերլուծական-հետազոտական միտքը, համալսարանը լավագույնս ներկայացրել են «University Stars-2018» («Համալսարանի աստղեր-2018») միջազգային ինտելեկտուալ մրցույթում: Մասնավորապես, տնտեսագիտություն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողներ Վահրամ Ռևազյանը և Սյուզաննա Օհանյանը, «Ինստիտուցիոնալ տնտեսագիտություն» առարկայի դասախոս Տաթևիկ Մկրտչյանի (տնտեսագիտության տեսության ամբիոնի ասիստենտ) առաջարկությամբ և գիտական ղեկավարությամբ, մրցույթին ներկայացրել են «Տնտեսության ժամանակակից կերպափոխումները. արհեստական ինտելեկտը և խելացի քաղաքները» թեմայով հոդված և «Տնտեսական գիտություններ» անվանակարգում դարձել դափնեկիր:
Տաթևիկ Մկրտչյանի խոսքով, մրցույթին մասնակցել են ուսանողներ, մագիստրանտներ, ասպիրանտներ և դոկտորանտներ Հայաստանի, Ռուսաստանի, Չինաստանի, Բելառուսի, Բուլղարիայի, Ղազախստանի, Ղըրղզստանի, Մոլդովայի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի 289 ուսումնական հաստատություններից: Մրցույթի արդյունքով ՀՊՏՀ-ն ներառվել է մասնակից ուսումնական հաստատությունների լավագույն տասնյակում (արդյունքները տե´ս այստեղ):
Այսօր լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հյուրընկալեց ուսանողներին և զրուցեց նրանց հետ: Ինչպես տեղեկացանք՝ մասնակցությունն առցանց է եղել, իսկ արդյունքներն ամփոփվել են դեկտեմբերի 27-ին:
«Արդիական թեմա ենք ընտրել և անդրադարձել արհեստական բանականության միջոցով ստեղծված տեխնոլոգիաներին, որոնք կիրառվում են խելացի քաղաքներում՝ կյանքի որակը բարձրացնելու համար: Դրանցից են օրինակ սմարթ լուսավորությունը, էներգախնայող համակարգերը, սպասարկման ոլորտում աշխատող ռոբոտները»,-նշեց համահեղինակ Սյուզաննա Օհանյանը:
Ուսանող-հետազոտողները թեման համակողմանի են ներկայացրել՝ խոսելով ոչ միայն խելացի քաղաքների առավելությունների, այլև նորագույն տեխնոլոգիաների առաջադրած մարտահրավերների շուրջ: Վահրամ Ռևազյանը հոդվածում դիտարկել է այն ռիսկերը, որոնք ստեղծում են խելացի քաղաքները. նա նկատեց՝ տարիներ հետո սմարթ տեխնոլոգիաները պատճառ կդառնան սոցիալական մեծ խնդիրների, հատկապես գործազրկության: Ուսանողը նաև հանդես է եկել առաջարկություններով, որոնք կմեղմեն այդ խնդիրները:
Շնորհավորում ենք մեր հետազոտողներին և մաղթում նոր հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին