Ուսումնական այց՝ հագեցած մշակույթով

Դիտումների քանակ՝ 1179

Խոշոր ու առաջատար ընկերությունների մարքեթինգային քաղաքականությունը հետաքրքրում է ՀՊՏՀ ապագա մարքեթոլոգներին և գործնական գիտելիքների բացը լրացնելու նպատակով դասախոսների նախաձեռնությամբ պարբերաբար ուսումնական այցեր են կազմակերպվում:

Մայիսի 20-ին մարքեթինգի ամբիոնի դոցենտ Լիլիթ Դադայանը մարքեթինգի 2-րդ կուրսի ուսանողների հետ այցելել է «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ՝ տեղում ծանոթանալու գործարանի մարքեթինգին:

Լիլիթ Դադայանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց, որ ընկերության աշխատակիցները ուսանողներին ներկայացրել են 1877թ. առաջին գիլդիայի վաճառական, Սբ. Սարգիս եկեղեցուն կից դպրոցի հոգաբարձու Ներսես Թաիրյանի կողմից Երևանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում՝ Հրազդանի կիրճին մոտ՝ նախկին Էրիվանի բերդի տարածքում հիմնված գործարանի պատմությունը ստեղծման օրից մինչ այսօր: Այնուհետև ՀՊՏՀ-ականները ծանոթացել են թանգարանի ցուցանմուշներին, տեղեկություններ լսել կոմբինատիզացման գործում մեծ ներդրում ունեցած հայտնի մարդկանց մասին:

Հաջորդ կանգառներն են եղել հնեցման արտադրամասը, մառանները ու ստորգետնյա թունելը, որով նախկինում Դալմայի այգիներից գործարան է բերվել խաղողը և դեպի Սախարովի հրապարակում գտնվող հին էրիվանյան շուկա է տեղափոխվել արդեն պատրաստի գինին:

Հմուտ էքսկուրսավարներն  ուսանողներին հետաքրքիր տեղեկություններ են հաղորդել  նաև գործարանի կայացման գործում մեծ ներդրում ունեցող Ներսես Թաիրյանի և նրա մորեղբոր որդու՝ հայ  հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու՝ գործարանին առնչվող գործունեության, Նիկոլայ  Շուստովի  կողմից  կիրառված հետաքրքիր մարքեթինգային քայլերի վերաբերյալ, ինչպես նաև ուշագրավ դրվագներ են ներկայացրել կոնյակի արտադրության մեծագույն վարպետներ Մկրտիչ Մուսինյանցի և Մարգար Սեդրակյանի կյանքից:

Վերջում էքսկուրսավարները  պատասխանել են  ուսանողների  հարցերին։

Կոնյակի գործարան այցը Լիլիթ Դադայանի հերթական նախաձեռնությունն էր, որը նպատակ ուներ նաև խրախուսելու թիմային աշխատանքներին ուսանողների ցուցաբերած ակտիվությունը: Այցելուները տպավորված են վերադարձել:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին