Այց ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ. ինչպիսի՞ն է ամփոփիչ ատեստավորման գործընթացը

Դիտումների քանակ՝ 2567

ՀՊՏՀ ամփոփիչ ատեստավորման գործընթացը համակողմանի լուսաբանելու նպատակով լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն այսօր այցելել է Զեյթուն վարչական շրջանում տեղակայված ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ, որտեղ մաթեմատիկական մեթոդները և մոդելները տնտեսագիտության մեջ մասնագիտության 4-րդ կուրսի ավարտական աշխատանքների պաշտպանություն էր:

Ավարտողների աշխատանքները տնտեսական ակտուալ թեմաների շուրջ էին՝ հագեցած հեղինակային վերլուծություններով, ուշագրավ վիճակագրական տվյալներով և առաջարկություններով:

«Այս ֆակուլտետի ուսանողները առաջադեմ են և տարբերվում են կուռ տրամաբանությամբ, վերլուծելու, տվյալների հետ աշխատելու հմտությամբ և սա թերևս պայամանավորված է ֆակուլտետի մաթեմատիկական ուղղվածությամբ»,-մեզ հետ զրույցում շրջանավարտների ելույթները գնահատեց ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ, ՀՀ ֆինանսների նախարարության հանրային ֆինանսների կառավարման քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Սվետա Հարոսյանը: Նա կարծիք հայտնեց՝ շրջանավարտների դիպլոմային աշխատանքները կիրառական կարող են լինել ՀՀ տնտեսության համապատասխան հատվածների համար:

«Առանձնացնենք, օրինակ մի քանի թեմա՝ «Աղքատության մակարդակի զգայունության գնահատումը», «Ստվերային տնտեսության ազդեցությունը հարկային եկամտի վրա», «Անշարժ գույքի երկրորդային շուկայի տնտեսամաթեմատիկական գնահատումը». աշխատանքներում տեղ գտած վերլուծությունները բավականին գործնական են և հեղինակները ներկայացրել են իրենց գնահատականները, բխեցրել կարևոր եզրահանգումներ»,-ասաց Սվետա Հարոսյանը:

Իր փայլուն ելույթով հանձնաժողովի ուշադրությանն արժանացած գերազանցիկ ուսանող Գևորգ Պետրոսյանը, որը պաշտպանում էր «Անշարժ գույքի երկրորդային շուկայի տնտեսամաթեմատիկական գնահատումը» թեման, մեզ հետ զրույցում վերահաստատեց լավ սովորող ուսանողը մրցունակ է աշխատաշուկայում մոտեցումը:

«Հանձնաժողովի աշխատանքը շատ բարձր եմ գնահատում, նույնիսկ հանձնաժողովի անդամների հայացքներից բխող գոհունակությունն ու հիացմունքը ինձ ավելորդ վստահություն էր ներշնչում (սա իհարկե՝ անկեղծ և հումորով,-ժպտում է,-հեղ.): Համալսարան ընդունվելուց ի վեր երբեք չեմ կասկածել, որ ընտրել եմ լավ մասնագիտություն և այն իմ առջև շատ հնարավորություններ է բացելու: Մեր պրոֆեսիոնալ դասախոսական կազմն ինձ միշտ ոգևորել է, մղել էլ ավելի լավ սովորելու, ինչի համար երախտապարտ եմ: «Էռազմուս+»-ով մեկ կիսամյակ սովորել եմ Բուլղարիայում, դա ևս կարևոր փորձառություն էր: Կարմիր դիպլոմի հավակնորդ եմ, հուսով եմ, այսօր էլ A+ գնահատական կստանամ: Ուսումս անպայման կշարունակեմ մագիստրատուրայում՝ նույն մասնագիտությամբ»,-ասաց Գևորգը: Տեղեկացանք նաև, որ նա աշխատում է առաջատար բանկերից մեկում՝ որպես բանկային պրոդուկտների վերլուծաբան, և դիպլոմ ստանալուց հետո նախատեսում է անցնել նոր, իր խոսքով, «տվյալների հետ աշխատանքի» (օրինակ՝ ՀՀ վիճակագրական կոմիտեում):

Ընդհանրացնելով ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի ավարտական կուրսերից ստացած տպավորությունները՝ հանձնաժողովի նախագահն ասաց, որ այդ շրջանավարտները պահանջված մասնագետներ են և իրենց արդյունավետ աշխատանքով կարող են օգտակար լինել ՀՀ տնտեսությանը, մասնավորապես, Սվետա Հարոսյանը նորավարտներին կոչ է անում դիմել Ֆինանսների նախարարության թափուր հաստիքների մրցույթին:

ՀՊՏՀ ամենամաթեմատիկական ֆակուլտետից տպավորված է ոչ միայն հանձնաժողովը, այլև մենք. վերադարձանք վառ տպավորություններով, սովորող, պրպտող ու նպատակասլաց ուսանողների խանդավառությունը հաճելիորեն նաև մեզ էր վարակել:

Շնորհավորում ենք ակադեմիական կարևոր ստուգատեսը այսօր պատվով հաղթահարած ՀՊՏՀ-ականներին, բարի ե'րթ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին