Ամփոփվեցին ՈւՀԱ մրցելույթները
Լեփ-լեցուն դահլիճ, չդադարող ծափահարություններ, սուր հումոր ու վարակիչ ծիծաղ. ՀՊՏՀ մեծ դահլիճում այսօր ամփոփվեցին ուրախների և հնարամիտների ակումբի մրցելույթները:
«ՀՊՏՀ խաղեր-2019» մարզամշակութային փառատոնի շրջանակներում կայացած ՈՒՀԱ մրցույթը 2 օր շարունակ դասերի ավարտից հետո ստիպեց ուսանողներին ուրախ տեղավորվել դահլիճում և վայելել ուսանողական առօրյային, հայտնի և սիրված մարդկանց ու պատմություններին առնչվող հումորային ներկայացումները, հետաքրքրաշարժ ու երաժշտական մանրապատումները:
Միջոցառմանը հետևում էին ոչ միայն ուսանողները, այլ նաև պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչները, իսկ բեմում բուհի բոլոր 6 ֆակուլտետները ներկայացնող արդեն նախորդ ելույթներից հայտնի դարձած ուսանողներն էին, ինչպես նաև նոր, բայց միաժամանակ խոստումնալից դեմքեր:
Ֆակուլտետային ելույթների ավարտից հետո կայացավ նաև «Ռազմինկա» մրցույթը, որի ընթացքում ամենասրամիտ և հումորային պատասխաններով աչքի ընկավ ֆինանսական ֆակուլտետը՝ վաստակելով ևս մեկ միավոր:
Ուրախների և հնարամիտների ակումբի մրցելույթների արդյունքները կամփոփվեն մայիսի 22-ին, ժամը 14.00-ին դահլիճում կայանալիք «ՀՊՏՀ խաղեր-2019» մարզամշակութային փառատոնի ամփոփիչ գալա համերգի ընթացքում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին