Վարդան Աթոյանը մասնակցել է Գորչակովի ակումբի ամենամյա հանդիպմանը

27.07.2023
Դիտումների քանակ՝ 1085

Ս.թ. հուլիսի 21-ից 23-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ ԱԳՆ Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցման հիմնադրամի Ակումբի (Գորչակովի ակումբ) հանդիպումը, որին մասնակցել է նաև ՀՊՏՀ հասարակագիտության ամբիոնի վարիչ, քաղ.գ.դ. Վարդան Աթոյանը:

Մասնակիցների թվում էին Եվրոպայի, Հարավարևելյան Ասիայի, Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի տարածաշրջանների և հետխորհրդային տարածքի բազմաթիվ երկրների պետական կառավարման ոլորտի, ակադեմիական, փորձագիտական հանրության և հասարակական կառույցների մի քանի տասնյակ ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ, Տեղեկատվության և լրատվության դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովայի, ինչպես նաև մի շարք ճանաչված փորձագետների, այդ թվում՝ Դմիտրի Տրենինի և Սերգեյ Մարկեդոնովի հետ:

Դասախոսությունները, զեկույցները և թեմատիկ քննարկումներն անցկացվել են փակ ձևաչափով, որոնց ընթացքում քննարկվել են գլոբալ և տարածաշրջանային անվտանգության, տեխնոլոգիական ինքնիշխանության, հանրային դիվանագիտության և միջազգային քաղաքականության արդի հիմնախնդիրներ:

Առանձին քննարկվել է նաև ընթացիկ իրավիճակը Հարավային Կովկասում, այդ թվում՝ Արցախյան հիմնախնդիրը, որի շրջանակներում հայկական կողմից բարձրացվել են նաև Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի և անվտանգային հիմնախնդիրները, մասնավորապես՝ ճգնաժամի շուտափույթ հանգուցալուծման գործում հիմնական դերակատարների և միջազգային հանրության պատասխանատվության հարցերը:

Հ.Գ. Գորչակովի ակումբը աշխարհի տարբեր երկրների քաղաքագետների և հետազոտողների ոչ ֆորմալ միավորում է:

Նկարները՝ Գորչակովի հիմնադրամի պաշտոնական էջից