T-GREEN ծրագրում ներգրավված ՀՊՏՀ աշխատակիցները մասնակցել են միջազգային աշխատաժողովի

19.07.2023
Դիտումների քանակ՝ 957

T-GREEN ծրագրի ՀՊՏՀ համակարգող, համալսարանի ֆոնդահայթայթման բաժնի պետ Ներսես Գևորգյանը, ծրագրի փորձագետներ՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի պետ Անժելիկա Մուսայելյանը, բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի դոցենտ Աննա Կարապետյանը և նույն ամբիոնի ասիստենտ Նորա Այվազյանը ս․թ․ հուլիսի 10-14-ը մասնակցել են «Հելլենիկ» միջազգային համալսարանում (Սալոնիկ, Հունաստան) կայացած աշխատաժողովին, որը կազմակերպվել էր «Էրազմուս+»-ի «Մագիստրոսական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (T-GREEN) ծրագրի շրջանակում։

Բացման հանդիսավոր արարողության մասնակիցներին ողջունել է ծրագրի համակարգող, ՃՇՀԱՀ կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով աշխատաժողովի օրակարգը և շնորհակալություն հայտնելով հյուրընկալող բուհին՝ ներդրած ջանքերի ու կարևոր դերակատարման համար:

Ներկաներին ողջունել է նաև «Հելլենիկ» միջազգային համալսարանի ակադեմիական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Պանայոտիս Ցիոնասը՝ կարևորելով նախագծի արդիականությունն ու այն գաղափարը, որը որդեգրել են մասնակից կառույցները:

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության ռազմավարական պլանավորման բաժնի պետ Տաթևիկ Ղարիբյանն իր ողջույնի խոսքում անդրադարձել է նախագծի շրջանակներում պետություն–կրթական հաստատություններ–եվրոպական կառույցներ համագործակցությանը և ամրագրված նպատակներին:

«Եվրասիա» միջազգային համալսարանի ռազմավարական նախագծերի ղեկավար, T-GREEN-ի համահամակարգող, «Էրազմուս+»-ի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Արևիկ Օհանյանը մասնակիցներին ներկայացրել է նախագծի բարեփոխումների ու գործողությունների շղթան, ակնկալվող վերջնարդյունքները, եռամյա գործողություններն ու համատեղ մագիստրոսական ծրագրերը:

Մասնակիցները հնարավորություն են ունեցել լսելու եվրոպացի գործընկերների ելույթները կրթական ծրագրերի, բարեփոխումների, գործող օրենսդրական կարգերի ու որակի վերահսկման կանոնակարգերի մասին, իսկ խմբային քննարկումներում նախանշել են առաջիկա խնդիրներն ու անելիքները:

Եռամյա այս նախագիծն ուղղված է բուհերում մագիստրոսական կրթության բարեփոխումներին, որի համար առանցքային է «կանաչ քաղաքականությունը»։ Այն բուհերին հնարավորություն կտա ավանդական կրթական ծրագրերից անցում կատարելու ապագային միտված, կանաչ և միջառարկայական ուսումնական ծրագրերին՝ խթանելով ուսանողների շարժունակությունը, մշակելով համատեղ որակավորման աստիճան շնորհող կրթական ծրագրերի իրականացման կառուցակարգեր։

Նախագծի հիմնական նպատակն է ազգային և ինստիտուցիոնալ վարչական կազմի, որոշումներ ընդունողների, քաղաքականություն մշակողների, մանկավարժների, հետազոտողների և ուսանողների այնպիսի կարողությունների զարգացումը, որոնց միջոցով դերակատարները կկարողանան կայուն զարգացման նպատակները և բնապահպանական խնդիրներն ինտեգրել քաղաքականության և կրթական բովանդակության մեջ։

Նախագծի հայաստանյան մասնակիցներն են ՀՀ ԿԳՄՍՆ-ն, ՈԱԱԿ-ը, ՃՇՀԱՀ-ը (համակարգող), «Եվրասիա» միջազգային համալսարանը (համահամակարգող), ԵՊՀ-ն, ՀՊՏՀ-ն, Հայաստանում ֆրանսիական համալսարանը, ՀԱՊՀ-ն, ՀԱԱՀ-ը, Գորիսի, Գավառի պետական համալսարանները, «Էրազմուս ուսանողների ցանց Երևան» և «Հույսի կամուրջ» ՀԿ-ները։

ԵՄ գործընկերներն են «Հելլենիկ» միջազգային համալսարանը (Հունաստան), Միկոլաս Ռոմերիսի անվան համալսարանը (Լիտվա), Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանը (Պորտուգալիա) և Կրակովի Յագելոնյան համալսարանը (Լեհաստան)։