Թիմային և անհատական հաղթանակներ. ՀՊՏՀ մարզական հաջողությունների քրոնիկոնը
Նոր ուսումնական տարում վերսկսվել են ՀՀ բուհերի ուսանողների 19-րդ մարզական հանրապետական խաղերը: ՀՊՏՀ մարզիկները շարունակում են ակտիվորեն մասնակցություն ունենալ մարզական առաջնություններին: Խաղերի աշնանային փուլի ընթացիկ արդյունքները մեզ հետ զրույցում ներկայացրեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և ՔՊ ամբիոնի վարիչի պաշտոնակատար, մ.գ.թ., դոցենտ Հովհաննես Գաբրիելյանը:
Նրա փոխանցմամբ՝ աշնանային փուլը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին՝ կրոսավազք և պարանի ձգում առաջնություններով, որոնք նվիրված են եղել ՀՀ անկախության տոնին և Համալսարանական սպորտի միջազգային օրվան: Կրոսավազքում ուժեղագույններ են ճանաչվել Արցախի և Վանաձորի համալսարանների ուսանողները, իսկ «պարանի ձգում»-ում ՀՊՏՀ թիմը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Հաջորդիվ, սեպտեմբերի 29-ին, 1-ին անգամ ուսանողական խաղերի պատմության մեջ տեղի է ունեցել «դրագոն բոութ» նավակային առաջնությունը, որտեղ մեր համալսարանի մարզիկները, 12 թիմերի շարքում, գրավել են 5-րդ տեղը: Հոկտեմբերի 6-ին կայացած լողի առաջնությունում ՀՊՏՀ-ին հերթական հաղթանակն է բերել Վլադիմիր Մամիկոնյանը, ով այս տարի ավարտել է համալսարանը (մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ), բայց, խաղերի կանոնների համաձայն, հնարավորություն ուներ վերջին անգամ մասնակցելու: Հոկտեմբերի 6-7-ը 14 բուհերի մարզիկներ համախմբվել են հրաձգության առաջնության շուրջ: Այստեղ էլ թիմային հաշվարկով մեր թիմը 3-րդ տեղն է զբաղեցրել, իսկ տղաների անհատական պայքարում հաղթող է ճանաչվել ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Շանթ Սարգսյանը:
«19-րդ ուսանողական մարզական խաղերը եզրափակվելու են դեկտեմբերին: Առջևում ուժային եռամարտի, հանդբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի առաջնություններն են, որոնցում նույնպես մեր մարզիկները կչափեն ուժերը: Տեղեկացնեմ նաև, որ մեր համալսարանը շուտով մասնակցելու է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպվող մարզական միջոցառումներին»,-նշեց ամբիոնի ղեկավարը:
Շնորհավորում ենք մեր մարզիկներին, առաջիկա մրցավեճերում մաղթում նվաճումներ:
Հ.Գ. Լուսանկարները տրամադրել է Հովհաննես Գաբրիելյանը
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին