ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի հետազոտական թիմը նոր ծրագիր է իրականացրել

Դիտումների քանակ՝ 1326

Տարածքային որոշումների կայացումը տեխնոլոգիական լուծումների միջոցով խթանելու նպատակով ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի թիմը իրականացրել է «Տարածքային վերլուծություն և որոշումների կայացման օպտիմալացում Վայոց ձորի մարզում՝ տեխնոլոգիաների վրա հիմնված ռազմավարության միջոցով» ծրագիրը:
Այն ղեկավարել է մասնաճյուղի նախկին տնօրեն Սոս Խաչիկյանը (ներկայաում ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան), խմբի անդամներն են Արփինե Հովակիմյանը, Մանուկ Մովսիսյանը, Արմեն Քթոյանը, ինչպես նաև Արթուր Դոլմաջյանը (Հայաստանի ամերիկյան համալսարան) և Նաթանիել Ֆերրարոն (Խաղաղության կորպուս):
Ծրագրի խնդիրներն են եղել տարածքային տնտեսական մոդելավորումը և տարածական զարգացման ռազմավարության մշակումը՝ հիմնված միջհամայնքային համագործակցության վրա, ինչպես նաև գիտելիքի ստեղծումը և տարածումը:
Ծրագրի իրականացման արդյունքում բարձրագույն կրթության համար մշակվել է «Տեխնոլոգիաների վրա հիմնված որոշումների կայացում» փորձնական դասընթացը և հրատարակվել է 2 միջազգային հոդված՝ «Վայոց ձորի մարզի զբոսաշրջային վայրերի տարածական վերլուծություն» և «Խաղաղության հաստատում Հարավային Կովկասում վիրտուալ համայնքների ներդրման միջոցով»: 
Ծրագրի այլ արդյունքներն են եղել Վայոց ձորի մարզի ռազմավարական զարգացման փաստաթղթի մշակումը, հաստատված համագործակցությունը Մասսաչուսեթսի համալսարանի (ԱՄՆ) և Ջոն Հոպկինս համալսարանի (ԱՄՆ) հետ, ինչպես նաև գործընկերությունը Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիական կենտրոնի (ISTC) հետ և մուտքը դեպի IBM ռեսուրսներ: Ծրագիրը ներկայացված է ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Դրամաշնորհներ» բաժնում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին