Մասնակցություն «Բաց աշխարհ» ծրագրին․ ՀՊՏՀ ուղեղային կենտրոնի փորձագետները վերադարձել են ԱՄՆ-ից

27.10.2022 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1674

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող Ռուզաննա Թադևոսյանը և հետազոտական խմբի անդամ Քրիստինե Թաթոսյանը հոկտեմբերի 12-24-ը հայաստանյան պատվիրակության կազմում մասնակցել են ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի կողմից ֆինանսավորվող «Բաց աշխարհ» (Open World) ծրագրին՝ նախատեսված ուղեղային կենտրոնների մասնագետների համար։

Ծրագրի շրջանակում քննարկումներն անցկացվել են մայրաքաղաք Վաշինգտոնում, Մասաչուսեթս նահանգի Բոստոն, Քեմբրիջ, Ուոտերթաուն քաղաքներում, ինչպես նաև Նյու Համփշիր նահանգի Կոնկոր, Դուրհամ և Մեյն նահանգի Պորտսմութ քաղաքներում։ Ծրագրի շրջանակում հանդիպումներ են կայացել նահանգային ներկայացուցիչների պալատի անդամների, օրենսդիր և գործադիր մարմինների այլ ներկայացուցիչների, կառավարման, հանրային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ոլորտի պրոֆեսորների, հետազոտողների, հետազոտական կենտրոնների տնօրենների, փոխտնօրենների, Ուոտերթաունի հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչների հետ։

Ռուզաննա Թադևոսյանի փոխանցմամբ՝ ծրագիրը մասնագիտական հետաքրքրությունների դրսևորման, փորձի փոխանակման, գործընկերային կապերի հաստատման հիանալի հնարավորություն է ընձեռել։ «Օրակարգը հագեցած էր․ ամեն օր՝ նույնիսկ շաբաթ-կիրակի օրերին, ունեցել ենք հանդիպումներ։ Հանդիպումների ձևաչափը հաճախ խիստ պաշտոնական էր, երբեմն՝ նախաճաշի կամ ընթրիքի սեղանի շուրջ։ Հանդիպումներից առաջ մասնակիցներին տրամադրվում էր բանախոսի կենսագրական և մասնագիտական գործունեության վերաբերյալ համակողմանի տեղեկություն։ Ուշագրավ է, որ մեր գործընկերները քաջածանոթ էին նաև «Ամբերդի» փորձագետներիս կենսագրությանը, գիտական հետաքրքրությունների շրջանակին և պատրաստակամ էին քննարկել հայաստանյան ուղեղային կենտրոնի գործունեությունը»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց Ռուզաննա Թադևոսյանը։

Հանդիպումների ընթացքում նաև քննարկվել են ՀՊՏՀ-ի հետ համագործակցության հնարավորությունները, նախանշվել են հեռանկարային ուղղությունները։ Քննարկումների շրջանակն ընդգրկուն է եղել՝ Հայաստանի ներկայիս արտաքին մարտահրավերների վերաբերյալ օբյեկտիվ ներկայացումից մինչև ուղեղային կենտրոններում աշխատանքների կազմակերպման, հանրային քաղաքականության վրա ազդեցություն ունենալու և ֆինանսավորման կառուցվածի վերաբերյալ հարցեր։ «Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ հանգամանալից քննարկում ենք ունեցել Հարվարդի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Ստիֆեն Վոլտի հետ։ Իսկ հետազոտական կենտրոնների վերաբերյալ հարցերի շուրջ կառուցողական ու արդյունավետ զրույցներ ծավալվեցին RMC հետազոտական կենտրոնի փոխնախագահ Քրիստին Դվեյերի, Նյու Համփշիրի համալսարանի պրոֆեսոր և հետազոտող Դանիել Բրումբերգի, Շահերի պաշտպանության հյուսիսարևելյան տարածաշրջանի տնօրեն, կլիմայի և էներգետիկ ծրագրերով մտահոգված գիտնականների միության անդամ Ռոջեր Ստեֆենսոնի և այլոց հետ հանդիպումների ընթացքում»,- ասաց Ռուզաննա Թադևոսյանը՝ ընդգծելով, որ հանրային քաղաքականության վրա ազդեցության առումով Ստեֆենսոնի փորձը բավականին հետաքրիր է և ուսանելի կարող է լինել հենց մեր հետազոտական կենտրոնի համար։