Կենտրոնական բանկի ներկայացուցիչները ՀՊՏՀ-ում ներկայացրեցին գնաճի և ֆինանսական կայունության հաշվետվությունները

Դիտումների քանակ՝ 1949

ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը, դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանը, արտաքին հատվածի վերլուծության և կանխատեսումների բաժնի պետ Հայկ Ավետիսյանը, ֆինանսական կայունության մոնիտորինգի և ճգնաժամերի կառավարման բաժնի պետ Կարինե Համբարյանը, ֆինանսական վերլուծաբան Քնարիկ Բուռնուսուզյանը, անձնակազմի կառավարման վարչության պետ Գայանե Խաչատրյանն այսօր հյուրընկալվեցին ՀՊՏՀ-ում՝ հանդիսությունների մեծ դահլիճում հանդիպելով ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ:
ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ հանդիպման նպատակը ԿԲ-ի կողմից գնաճի և ֆինանսական կայունության հաշվետվությունների ներկայացումն է: Պրոռեկտորի խոսքով, երկու կազմակերպությունների միջև ձևավորվել է արդյունավետ համագործակցություն, և այս ձևաչափի հանդիպումները շարունակական են:
ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը նշեց, որ Կենտրոնական բանկը մեծապես կարևորում է հանրության հետ հաղորդակցումը և մշտապես հանդես է գալիս իր քաղաքականություններն արտացոլող փաստաթղթերի ներկայացմամբ՝ և՛ ԿԲ կայքէջում, և՛ հաղորդակցության այլ միջոցներով: Արմենակ Դարբինյանի խոսքով՝ իրենք մեծապես կարևորում են նաև մասնագիտական լսարանի հետ փոխշփումներն ու քննարկումները:
Այնուհետև Հայկ Ավետիսյանը ներկայացրեց Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության շրջանակը և գնաճի հաշվետվությունը (3-րդ եռամսյակ), իսկ Կարինե Համբարյանը և Քնարիկ Բուռնուսուզյանը՝ 2018թ. առաջին կիսամյակի ֆինանսական կայունության հաշվետվությունը, որին հաջորդեց հարցուպատասխանը:
ԿԲ ներկայացուցիչները նշեցին, որ ներկայացված երկու փաստաթղթերն էլ առկա են ԿԲ պաշտոնական կայքէջում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին