«Ամբերդ» մատենաշարի 50-րդ՝ հոբելյանական համարն առցանց է
«ՀՀ ժողովրդագրական հիմնախնդիրները պատերազմի և համավարակի հետևանքների գնահատման համատեքստում» հետազոտությունը «Ամբերդ» մատենաշարի 50-րդ՝ հոբելյանական թողարկումն է, որի էլեկտրոնային տարբերակն այսօրվանից հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքում:
Ներկայացվող հետազոտության հեղինակներն են Մանուկ Մովսիսյանը (հետազոտական խմբի ղեկավար), Ռուբեն Ղանթարչյանը, Նարեկ Կեսոյանը, Լուսինե Կարապետյանը, Գոռ Հարությունյանը, Տաճատ Պապոյանը, Արտակ Մարկոսյանը, Վարդան Գևորգյանը և Լիլիթ Ղանթարչյանը (հետազոտական խմբի անդամներ):
Հետազոտությունը նվիրված է ՀՀ ժողովրդագրական հիմնախնդիրների բացահայտմանը և ժողովրդագրական իրավիճակի վրա պատերազմի ու COVID-19 համավարակի հետևանքների գնահատմանը:
Հեղինակները ժողովրդագրական իրավիճակը քննարկել են գլոբալ համապատկերում, իրականացրել են ՀՀ ժողովրդագրական գործընթացները բնութագրող ցուցանիշների տարածաժամանակային համեմատական վերլուծություն, գնահատել են ՀՀ-ում ծնելիության վրա ազդող գործոնները, համավարակի և պատերազմի ազդեցությունը ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վրա, ՀՀ ծնելիության խնդիրներին առնչվող պետական ծրագրերը, ինչպես նաև մշակվել են առաջարկներ, որոնք կարող են օգտակար լինել այդ ոլորտի քաղաքականություն մշակողների և որոշում ընդունողների համար:
Հետազոտությունն իրականացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրական ծրագրերի բաժնի հետ համատեղ՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի առաջարկությամբ: