Պատրաստ է «Բանբեր ՀՊՏՀ» գիտական պարբերականի նոր համարը
«Բանբեր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի» գիտական հանդեսի 2022 թ. երկրորդ համարն առցանց է: Այն պարունակում է հարուստ գիտահետազոտական նյութ, խոր ու համակողմանի վերլուծություններ, որոնք ներկայացված են 9 խորագրերում:
Համարն սկսվում է «Մակրոտնտեսագիտություն» խորագրով, որի ներքո Գայանե Ավագյանի և Ալիկ Թորոսյանի հոդվածն է՝ «Հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը բնակչության եկամուտների անհավասարության վրա Հայաստանի Հանրապետությունում» վերտառությամբ:
Այնուհետև «Ֆինանսներն» է՝ Արփինե Հակոբյանի՝ «ՀՀ-ում գործող կազմակերպությունների կառավարչական հաշվառման կատարելագործումը ինքնակարգավորման և ստանդարտացման միջոցով» հոդվածով:
«Կառավարում» խորագիրը ներկայացնում է Լալա Խոջյանի՝ «Քաղաքացիական ծառայողների կատարողականի գնահատման համակարգային հիմնախնդիրները ՀՀ-ում և դրանց կատարելագործման ուղիները», «Տարածքային զարգացումը»՝ Քրիստինե Թաթոսյանի՝ «Համայնքների խոշորացման ազդեցությունը ՏԻՄ լիազորությունների արդյունավետ իրականացման համատեքստում (Ջերմուկ խոշորացված համայնքի օրինակով)» աշխատությունները:
«Գործարարություն և ձեռնարկատիրություն». այստեղ հանդես են գալիս Խորեն Մխիթարյանը և Բունդի Խաչաչատը՝ «Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին
ձեռնարկատիրության զարգացման միտումներն ու առանձնահատկությունները» և Աստղիկ Խաչատրյանը՝ «Ձեռնարկատիրոջ կառավարչական հմտությունները որպես ձեռնարկատիրական գործունեության արդյունավետության վրա ներազդող կարևոր գործոն» հոդվածներով:
«Բնօգտագործման տնտեսագիտություն և շրջակա միջավայր» խորագրում ևս 2 հոդված է. Նարեկ Հարությունյան՝ «Լանդշաֆտային պլանավորման մեթոդաբանության ներդրումը ՀՀ ազգային էկոլոգիական ցանցի ստեղծման մեջ» և Գարրի Գասպարյան՝ «Մթնոլորտային օդի որակի պահպանությանն ուղղված տնտեսական կառուցակարգը ՀՀ-ում»:
Տաթևիկ Վարդանյանը և Տիգրան Միքայելյանը «Միջազգային տնտեսագիտություն» խորագրում ներկայանում են «Արցախի Հանրապետության միգրացիոն իրավիճակի համապարփակ վերլուծություն», իսկ Արման Համբարձումյանը և Մեսրոպ Մեսրոպյանը «Մաթեմատիկական տնտեսագիտություն» խորագրում՝ «Վերահսկողական սթրես թեստավորումը որպես ՀՀ առևտրային բանկերի ֆինանսական ռիսկերը կառավարելու նոր գործիք» հոդվածներով:
Համարը եզրափակվում է «Գրախոսություն» խորագրում Ռոբերտ Սարինյանի և Բելլա Գաբրիելյանի՝ «Ինչ է սպասվում տնտեսագիտությանը» հոդվածով: Հանդեսի էլեկտրոնային տարբերակին և հոդվածներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ: