ՐԻՖԱՅՆ-ի շրջանակներում oնլայն դասախոսություն՝ հրավիրյալ խոսնակի կողմից

Դիտումների քանակ՝ 1530

Եվրոպական Միության «Ֆինանսների մագիստրոսական ծրագրերի բարեփոխում Հայաստանում և Մոլդովայում» (ՐԻՖԱՅՆ) նախագիծը շարունակում է իր բնականոն ընթացքը նախագծի իրականացման 3-րդ՝  եզրափակիչ տարում:

Ինչպես հայտնում են ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից, մայիսի 7-ին ՐԻՖԱՅՆ-ի շրջանակներում «Կորպորատիվ ֆինանսներ» մասնագիտացման մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների համար կազմակերպվել է օնլայն դասախոսություն, որը բաժնի հրավերով վարել է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի շուկայական գործառնությունների և սպասարկման դեպարտամենտի ղեկավար Լևոն Մովսիսյանը:  Դասախոսությանը մասնակցել են նաև ֆինանսների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Վանինե Երանոսյանը և միջազգային կապերի բաժնի գլխավոր մասնագետ Արփինե Ջրաղացպանյանը:

Լևոն Մովսիսյանը մասնակիցներին է ներկայացրել կորպորացիաներում ֆինանսական նորարարությունների դերը, դրանց էությունը, գործառույթները, տեսակները, մասնավորապես անդրադարձ է կատարել դրանց գործնական կիրառություններին և օրինակներին ՀՀ ֆինանսական կորպորացիաներում:

Դասախոսության վերջում ուսանողներն ու Վանինե Երանոսյանը բանախոսին են հղել իրենց հետաքրքրող հարցերը, տեղի է ունեցել ակտիվ քննարկում, իսկ Արփինե Ջրաղացպանյանն ուսանողներին տեղեկացրել է, որ առաջիկայում ՐԻՖԱՅՆ ծրագրի շրջանակներում սպասվում է կարիերայի խորհրդատվության միջոցառում՝ «Ինչպես կառուցել հաջողակ կարիերա ՀՀ ֆինանսական շուկայում» խորագրով, որի վերաբերյալ մանրամասները կհրապարակվեն շուտով:

Հիշեցնենք, որ ՐԻՖԱՅՆԸ ՀՊՏՀ-ում համակարգում է արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժինը, նախագծի մասին ավելին՝ համալսարանի պաշտոնական կայքի «Միջազգային ծրագրեր» բաժնում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին