«Ամբերդի» փոխտնօրենը մասնակցել է միջազգային վեբինարների. առանցքում համավարակին վերաբերող խնդիրներն են

Դիտումների քանակ՝ 2063

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխտնօրեն-ավագ փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վարդան Աթոյանը ս.թ. մայիսի 6-ին, 7-ին և 8-ին մասնակցել է միջազգային առցանց քննարկումների:

Միջոցառումների մասին asue.am-ի հետ զրույցում Վարդան Աթոյանը նշեց հետևյալը. «Տարբեր տարածաշրջանների, ոլորտների և գործընթացների վրա համավարակի ազդեցության խնդիրները շարունակում են մնալ փորձագիտական և քաղաքական շրջանակների քննարկումների առանցքային թեմաների շարքում: Բնականաբար, ներկա իրողություններում քննարկումների կազմակերպման հիմնական հարթակները ամբողջովին տեղափոխվել են համացանցային տիրույթ: Միաժամանակ կտրուկ մեծացել են նման քննարկումներին մասնակցելու հրավերներն ու հնարավորությունները, ուստի մեր կենտրոնը փորձում է հետ չմնալ արձանագրվող միտումներից, հնարավորին չափ արձագանքել նման հրավերներին և իր համեստ ներդրումն ունենալ ոչ միայն ներհայաստանյան, այլև գլոբալ խնդիրների վերաբերյալ փորձագիտական քննարկումներում: Ակնհայտ է, որ ակտիվ ներգրավվածությունը նման միջոցառումներին կարող է էականորեն բարձրացնել միջազգային մակարդակում մեր կենտրոնի տեսանելիությունն ու ճանաչվածությունը: Այս ուղղությամբ տեղի ունեցած նախորդ միջոցառումների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը փոխանցել եմ նաև ՀՊՏՀ լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի մեր հարգարժան գործընկերներին: Ակտիվության առումով վերջին մի քանի օրը նույնպես բացառություն չէին և հագեցած էին տարաբնույթ միջոցառումներին մասնակցությամբ»:

Մեր գործընկերոջ ներկայացմամբ, մայիսի 6-ին ինքը մասնակցել է ԱՄՆ Գերմանական Մարշալի հիմնադրամի կողմից կազմակերպված «Համավարակի պայմաններում Արևելյան Եվրոպայի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների ամրապնդումը» խորագրով վեբինարին, որի հիմնական բանախոսն էր ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը: Քննարկվող թեմաների շրջանակը, Վարդան Աթոյանի խոսքով, բավականին լայն էր և ընդգրկում էր Արևելյան Եվրոպայի, Արևելյան գործընկերության երկրների, այդ թվում՝ Հայաստանի ներկայիս քաղաքական, տնտեսական և անվտանգության մարտահրավերները: Միևնույն ժամանակ անդրադարձ է կատարվել նաև համավարակի պայմաններում ԱՄՆ-ի կողմից Արևելյան Եվրոպայի գործընկերներին աջակցության տարաբնույթ հարցերին:

Կենտրոնի փոխտնօրենը մայիսի 7-ին մասնակցել է «Վալդայ» ակումբի կողմից կազմակերպված՝ «Թագավարակի տնտեսական հետևանքները. «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը նոր համաշխարհային պայմաններում» առցանց աշխատաժողովին, որի հիմնական բանախոսներն էին Ժամանակակից Չինաստանի և աշխարհի ուսումնասիրության ակադեմիայի ավագ գիտաշխատող Վան Գանյին (Չինաստան), Չինական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Ադիլ Կաուկենովը (Ղազախստան),  Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Լոմանովը (ՌԴ), «Վալդայ» ակումբի գիտական աշխատանքների գծով տնօրեն Ֆյոդր Լուկյանովը (ՌԴ), Ղրղզստանի նախկին վարչապետ (2014-2015) Ջոմարտ Օթորբաևը (Ղրղզստան), Արևելաչինական մանկավարժական համալսարանի դեկան, Ռուսաստանի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ֆեն Շաոլեյը (Չինաստան) և Չինաստանի զարգացման և բարեփոխումների ազգային հանձնաժողովի ակադեմիական կոմիտեի գլխավոր քարտուղար Չժան Յանշենը (Չինաստան): Աշխատաժողովի հիմնական թեմաներն էին համավարակի տնտեսական և աշխարհաքաղաքական հետևանքները, համատեղ ենթակառուցվածքների հետագա զարգացման հեռանկարները և համավարակի հնարավոր ազդեցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության և եվրասիական տարածաշրջանի վրա:

Երեկ՝  մայիսի 8-ին, Վարդան Աթոյանը նաև հրավիրվել է մասնակցելու Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի կողմից կազմակերպված «Մեծ հաղթանակի 75-ամյակը. ինչպե՞ս պահպանել և փոխանցել պատմական ճշմարտությունը» խորագրով առցանց քննարկմանը: Միջոցառման շրջանակներում քննարկվող հիմնական թեմաներն առնչվում էին պատմության կեղծման փորձերին և պատմական հիշողության պահպանման խնդիրներին: «Կարծում եմ՝  վերոնշյալ միջոցառումներին մասնակցությունը բավականին արդյունավետ էր և օգտակար, իսկ քննարկվող թեմաները՝ արդիական: Ամփոփելով նշեմ, որ առաջիկայում սպասվում են նաև այլ միջոցառումներ, որոնց արդյունքների մասին անպայմանորեն կտեղեկացնենք», - եզրափակեց մեր գործընկերը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին