Համացանցը` համալսարան. օգտակարի ու հաճելիի համադրման մասին` Ռուզաննայի օրագրում

Դիտումների քանակ՝ 1813

Վերցրու քո սիրելի տաք սուրճն ու շոկոլադը կամ, եթե թեյի սիրահար ես, թեյ ու քաղցրավենիք և նշանակված ժամին մտիր համացանց, որ մասնակցես հերթական առցանց դասիդ: Հիմա կասես ի՞նչ կապ ունեն համալսարանն ու համացանցը. ասեմ` շատ կապեր ունեն և օրերս էլ մտերմացել են: Արտաբերիր «համացանց» ու «համալսարան». երկուսի նախածանցն էլ նույնն է` համա (ընդհանուր), նկատե՞լ ես…Խոստովանիր, որ լսարանում հազիվ թե կարողանայիր սուրճ կամ թեյ խմել դասի ժամին, ասել է թե` համատեղեիր հաճելին ու օգտակարը: Առցանց կրթությունից բողոքելիս և այս օրերին չսովորելուդ համար արդարացումներ փնտրելիս հիշիր, որ առցանց ուսուցումն էլ իր առավելություններն ունի և այն լուռ ու անտրտունջ հարմարվում է քո համեղասեր քմահաճություններին: Ասում են` ամեն գործ հաջողվում է, եթե նրանում սեր ու հոգի ես ներդնում: Զարմանալի չէ` դրական էներգիադ է վերադառնում «Ինչ որ ցանես, այն կհնձես»-ի ապացուցված «օրենքով»: Հետևաբար, առցանց սովորել ու այնպես անել, որ նախորդ կիսամյակի սովորածդ «չխամրի», կարող ես, այն էլ ինչպես…

Գիտե՞ք` մեր առաջավոր ուսանողները առաջավոր են նաև առցանց կրթության մեջ: Նրանք, ճաշակելով հեռավար ուսուցման յուրօրինակ համը, ամեն օր հարստացնում են իրենց ուսանողական փորձը և առցանց կրթության ամենահետաքրքիր պատառիկների մասին գրում են իրենց համալսարանական օրագրում: Եկեք կարդանք ֆինանսական ֆակուլտետի 2-րդ կուրսեցի Ռուզաննա Կիրակոսյանի օրագրի այն հետաքրքրաշարժ էջը, որում նա պատմում է իր ուսանողական առցանց առօրյայի մասին:

«2020թ. մարտ: COVID 19 համաճարակ: Կյանքը փոխվեց, համալսարանական կրթության ձևաչափը` նույնպես: Մի ժամանակ կարող է մեծ-մեծ խոսեինք ու ասեինք` դե լավ, կրթության առցանցը ո՞րն է, ու մի լավ ծիծաղեինք մեր պատկերացրածի վրա, բայց այդ «առցանցը» շատ կիրառելի երևույթ է դառնում և մենք դրանում օրեցօր ենք համոզվում: Այո, առցանց կրթություն էլ է լինում, մի ժամանակ պատկերացնում ու ծիծաղում էինք, հիմա ճաշակում ու սովորում ենք: Եվ ոչ միայն. հիմա էլ մի պահ կանգ ենք առնում և մտածում. լավ, եթե համացանցը չլիներ, ի՞նչ էինք անելու, ո՞նց էինք կարողանալու տանը մնալով չկտրել կապը համալսարանի հետ, հանդիպել կուրսընկերներին, ունկնդրել մեր անփոխարինելի դասախոսներին»

Ապա շարունակում է գրառել ծանրութեթև արված մտքերը…«Երկու ամիս է` ուսանողական կյանքս վերածվել է արկածային մի ֆիլմաշարի, որի գլխավոր հերոսները ես և համակարգիչս ենք: Համակարգիչս կարծես հասկացել է, որ այս օրերին ամենաշատն ունեմ իր կարիքը և սկսել է կամակորություններ անել: Երբ այդ կամակորությունները հասնում են իրենց գագաթնակետին, ստիպված եմ լինում դիմել հեռախոսիս օգնությանը, որպեսզի հետ չմնամ դասերից: Երկուսն էլ իմն են, և′ հեռախոսը ,և′ համակարգիչը, որն էլ ժամանակին օգնության հասնի` շնորհակալ եմ: Միայն վերլուծություններ ներկայացնելիս է պարտադիր համակարգչիս օգնությունը. էկրանը կիսելու միջոցով (share screen) ներկայացնում եմ աշխատանքս: Երբեք չեմ մոռանա այն արկածները, որոնք եղել են առցանց կրթության ճանապարհն անցնելիս և հայտնվել եմ ծիծաղելի դրության մեջ»,-մեր ուսանողուհու համար առցանց կրթության շրջափուլի ամենահիշարժան ակնթարթներից են տեխնիկական անխուսափելի խնդիրները, որոնց նվազագույնը մեկ անգամ առնչվել ենք բոլորս, իսկ նա դրանք շրջանցել է հումորով:

«Չեք հավատա, բայց մի օր, առցանց դասի ժամին, ինձ անհասկանալի ոգևորությամբ պատասխանում էի դասախոսիս հարցին , թեմային լավ ծանոթ լինելս ինձ պարուրել էր անասելի ինքնագոհությամբ: Գրեթե առանց դադարի խոսում էի, երբ հանկարծ նկատեցի, որ արձագանք չկա: Դասախոսի հարցը լսելուց և միանգամից պատասխանելուց րոպեներ անց միայն հասկացա, որ ձայնս անջատված է, իսկ ես …այնքան էի ուզում ցույց տալ սովորածս: Մի անգամ էլ գեղեցիկ հարդարված` տեսախցիկը միացրի և նոր էի հասցրել տեսակապում ֆիքսել ինքնանկարս, երբ հեռախոսս ձեռքիցս սայթաքեց ու….դասին միանալ կարողացա մի փոքր ուշ` հենց որ հեռախոսս հարվածից ուշքի եկավ: Այդ պահերին մի քիչ նյարդային ջղաձգումներ եղան, բայց հիմա` այս ամենն օրագրումս գրելիս, ինձ աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ զգում, որը կարողանում է լիաթոք ծիծաղել իր փոքրիկ անհաջողությունների վրա, հետայդու հաշվարկել հնարավոր ռիսկերը և ամեն ինչում որոնել դրականը: Ողջույններս` առցանց կրթության բոլոր մասնակիցներին: 2020 թ. գլոբալ մարտահրավերները հաղթահարող ուսանող, և որ ամենակարևորն է` ապագա ֆինանսիստ` Ռուզաննա »,-սա Ռուզաննայի օրագիրն էր, իսկ ես(-հեղ. ) փնտրում եմ ուսանողական նոր օրագրեր, որպեսզի միասին կարդանք ու ամբողջացնենք առցանց կրթության մասին մեր պատկերացումները: Չէ՞ որ առցանց կրթությունը չի հավերժելու, և հետո այս իրավիճակին էլ ենք կարոտելու: Փակում եմ ևս մի օրագրային էջ ու հիմա գտնում եմ կապը ոչ թե համալսարան ու համացանց բառերի, այլ` համացանց, համալսարան, համաճարակ… երեքի նախածանցն էլ նույնն է: Լռում եմ. կյանքում պատահականություններ չեն լինում… Շարունակելի …

«Ուսանողի օրագիր» խորագրի նախորդ երկու հերոսներ Մելինե Աբրահամյանի  և Տաճատ Պապոյանի  նյութերին կարող եք ծանոթանալ ակտիվ հղումներով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարկայնության հետ կապերի բաժին