ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովն ընդունել է ՀՊՏՀ մշակած մոդելային օրենքը

20.11.2023
Դիտումների քանակ՝ 883

Բիշքեքում օրերս կայացած ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում միաձայն քվեարկությամբ ընդունվել է ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանի ղեկավարությամբ ՀՊՏՀ-ի կողմից մշակված «Լեռնահանքային արդյունաբերության գործունեության ազդեցության պոտենցիալ գնահատումը ազդակիր համայնքների բնակչության առողջության վրա» մոդելային օրենքը։

Նշենք, որ մոդելային օրենքի հայտը հաղթող էր ճանաչվել դեռևս 2021թվականին։ Անցնող 2 տարիներին աշխատանքային խումբը՝ Միքայել Մելքումյանի գլխավորությամբ, տ․գ․թ․, դոցենտներ Ֆրիդա Բահարյանի, Նադյա Աֆյանի մասնակցությամբ, աշխատանքներ է իրականացրել՝ ստեղծելու հիմնովին մշակված մայր օրենք․ «Մոդելային օրենք ասելով՝ հասկանում ենք, որ այն ԱՊՀ երկրների խորհրդարանների համար դառնում է օրինակելի ուղեցույց»։

«Նշանակում է, որ այս մոդելային օրենքն ուղարկվելու է ԱՊՀ անդամ երկրների օրենսդիր մարմիններ՝ նմանատիպ օրենքներ մշակելու և ընդունելու համար։ Անցած երկու տարիներին իմ և իմ կողմից ղեկավարած աշխատանքային խմբի կարևոր գիտական և իրավատնտեսագիտական ձեռքբերում եմ համարում այն։ Ըստ էության, Հայաստանի Հանրապետության անկախության տարիների պատմության ընթացքում սա առաջին մոդելային օրենքն է, որը մշակել և ներկայացրել են ՀՀ ներկայացուցիչները»,- asue.am-ին ասաց Միքայել Մելքումյանը։