ՀՀ-ում ներառական տնտեսական աճի ապահովման հիմնախնդիրները քննարկվեցին ամբիոնային սեմինարում

Դիտումների քանակ՝ 2531

ՀՊՏՀ ամբիոնային սեմինարներից հերթականն այսօր տնտեսագիտության տեսության ամբիոնինն էր, թեման՝ «Ներառական աճի ապահովման հիմնախնդիրները ՀՀ-ում»: Մասնակցում էին ամբիոնի կազմը՝ վարիչ, տ.գ.դ., դոցենտ Ֆիրուզա Մայիլյանի գլխավորությամբ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը, գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, հետազոտողներ, ուսանողներ:

Սեմինարը վարեց Դավիթ Հախվերդյանը, ով հանդես եկավ ողջույնի խոսքով և յուրաքանչյուր զեկուցումից հետո մեկնաբանեց ելույթները, ներկայացրեց դիտարկումներ:

Մինչ զեկուցումները Ֆիրուզա Մայիլյանը ամփոփեց ամբիոնի 2019թ. հետազոտական գործունեությունը՝ նշելով, որ ամբիոնի գիտնականների հեղինակությամբ լույս է տեսել 23 հոդված, որից 13-ը՝ միջազգային ամսագրերում: Նա հիմնավորեց ամբիոնի հիմնական հետազոտական թեման՝ անդրադառնալով ներառական աճի կարևորությանը և այն դիտարկեց ՀՀ տնտեսության զարգացման համապատկերում:

Զեկուցեցին դոցենտ Սամվել Գրիգորյանը՝ «Ներառական տնտեսական աճի էությունը և չափորոշիչները», Ֆիրուզա Մայիլյանը՝ «Ընդհանուր գործոնային արտադրողականությունը որպես ներառական տնտեսական աճի ցուցանիշ», ասիստենտ, տ.գ.թ. Սամվել Մարգարյանը՝ «Զանգվածային գործազրկության պատճառները և դրանց հաղթահարման ուղիները ՀՀ-ում», դոցենտ, տ.գ.թ. Միքայել Թավադյանը՝ «ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները և դրանց լուծմանը նպաստող գործոնները», դոցենտ, տ.գ.թ. Լիանա Հակոբյանը՝ «Պետության սոցիալական քաղաքականության հիմնահարցերը» թեմաներով: Բանախոսները պատասխանեցին ունկնդիրների հարցերին, լսեցին նաև հնչած հարցերի շուրջ նրանց տեսակետները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին