ՀՊՏՀ-ում մեկնարկեց «Առողջապահության կառավարում և վարչարարություն» (Health management and administration MBA) մագիստրոսական ծրագիրը
Այսօր ՀՊՏՀ-ում մեկնարկեց «Առողջապահության կառավարում և վարչարարություն» (Health management and administration MBA) մագիստրոսական նոր ծրագիրը, որի առաջին դասը շնորհավորելու էին եկել ՀՊՏՀ ռեկտորի պարտականությունները կատարող, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը, Ազգային բժշկական պալատի նախագահ Նարեկ Վանեսյանը:
Արմեն Գրիգորյանը շնորհավորեց ծրագրի մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց կրթական ծառայությունների շուկայում առկա բազում ծրագրերից ՀՊՏՀ-ի կողմից առաջարկված կրթական ծրագիրն ընտրելու համար, ապա հավելեց, որ կարվի առավելագույնը՝ ծրագրի արդյունավետ ընթացքն ապահովելու համար:
Նարեկ Վանեսյանն իր շնորհավորական խոսքում նշեց, որ ծրագիրն իրականացվում է ՀՊՏՀ-ի և Ազգային բժշկական պալատի համագործակցությամբ, և այն երաշխավորում է առողջապահության ոլորտի կառավարմանն առնչվող նոր ու արդիական գիտելիքների փոխանցում:
Մագիստրոսական նոր ծրագիրը համախմբում է մայրաքաղաքի և մարզերի բժշկական հաստատությունների ղեկավարների ու ներկայացուցիչների:
asue.am-ի հետ զրույցում Նարեկ Վանեսյանը նշեց.
«Մենք ուզում ենք, որ առողջապահության ոլորտում բոլոր ռեֆորմները գիտելիքահեն լինեն, և այս մագիստրոսական ծրագիրն ուղղված է հենց այդ նպատակի իրագործմանը: Հատկանշական է, որ ծրագրի մասնակիցները բուժկենտրոնների տնօրեններ, փոխտնօրեններ, աշխատակիցներ են և այստեղ ստացած իրենց գործնական գիտելիքն անմիջապես կիրառելու են ոլորտում»:
Իսկ թե ինչու է գործակցությունը հենց ՀՊՏՀ-ի հետ՝ Ազգային բժշկական պալատի նախագահը հիմնավորեց. «ՀՊՏՀ-ն մեր երկրում կառավարում մասնագիտության գծով կադրեր պատրաստող լավագույն բուհերից է, և առողջապահության կառավարումն էլ կառավարման մի ճյուղ է: Բացի դրանից, մագիստրոսական ծրագրի մշակումը բխեց ՀՊՏՀ-ում կազմակերպված «Հոսպիթալ մենեջմենթ» կարճաժամկետ դասընթացի հաջողությունից: Այդ դասընթացի մասնակիցներից շատերը համաճարակային պայմաններում ղեկավարում էին COVID-ի բուժհաստատություններ»:
Դասավանդելու են գործող բժիշկներ, առողջապահական ոլորտի փորձառու մասնագետներ:
Ծրագրին մաղթում ենք բարի երթ, մասնակիցներին՝ արդյունավետ ուսումնառություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին