«Բանկային մենեջմենթ» առարկայի շրջանակներում ՀՊՏՀ-ում բաց դաս վարեցին «Ինեկոբանկի» աշխատակիցները

Դիտումների քանակ՝ 3438

ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնը հայաստանյան բանկերի և ապահովագրական ընկերությունների հետ ակտիվ համագործակցություն է հիմնել, որի շրջանակում հրավիրված մասնագետները պարբերաբար բաց դասեր են վարում, զարգացնում մեր ուսանողների մասնագիտական կարողությունները: Այսօրվա հերթական հյուր-բանախոսները «Ինեկոբանկից» էին: Բանկի միկրոբիզնեսի բաժնի ղեկավար Ալիկ Ստեփանյանը և մանրածախ բիզնեսի ռեգիոնալ մենեջեր Արմեն Սարուխանյանը ֆինանսական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողների համար պարզաբանեցին համապատասխանաբար «Ներդրումների որոշումների կայացում» և «Բանկային պրոդուկտների մանրածախ վաճառք» թեմաները: Բացի ներկայացված հարցերից, նրանք մասնագիտական կարևոր խորհուրդներ հղեցին բանկում աշխատելու ցանկություն ունեցող ուսանողներին՝ դիտարկելով հաճախորդների հետ հաղորդակցվելու, ճիշտ բանակցություններ վարելու, բանկի գործունեությունն ու առաջարկները գրագետ ներկայացնելու մշակույթին առնչվող հարցեր:

Մասնագիտական առարկան, որի շրջանակում հանդիպումը կայացավ, «Բանկային մենեջմենթ»-ն է (դասախոսներ՝ Աշոտ Մարդոյան, Գայանե Հարությունյան):

Աշոտ Մարդոյանը asue.am հետ զրույցում ասաց, որ նոր հրավերներ կուղարկվեն ապահովագրական ընկերություններ ու առևտրային բանկեր, արդյունքում, ողջ ուստարվա ընթացքում կբանախոսեն երկու ոլորտների փորձառու մասնագետները: «Բաց դասերը հիմնականում կազմակերպում ենք 2-3-րդ կուրսերում, և նպատակը մեկն է՝ բազմազանեցնել ուսումնական պարապմունքները, ուսանողին տալ գործնական գիտելիք, հմտություն ու կարողություն»,-հիմնավորեց նա:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին