ՀՊՏՀ-ում տրվեց աշխատակազմի վերապատրաստման գործընթացի մեկնարկը․ առաջին դասընթացը նախագծերի կառավարման հիմունքներն են
ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի նախաձեռնությամբ դեպարտամենտների, կառուցվածքային տարբեր ստորաբաժանումների ղեկավարների և դեկանների համար այսօր մեկնարկեց է «Նախագծերի կառավարման հիմունքներ» դասընթացի գծով վերապատրաստումը, որը, կարելի է համարել, ազդարարեց Տնտեսագիտական համալսարանում պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատազմերի վերապատրաստման գործընթացի սկիզբը։
Ներկաներին ողջունեց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը՝ նշելով, որ վերապատրաստման նպատակն աշխատակազմի կողմից գործունեության ժամանակակից մոտեցումների, գործընթացների կառավարման և արդյունավետության բարձրացմանը միտված գործիքակազմի յուրացումն է, ինչը թույլ կտա արդիականացնել համալսարանում աշխատանքների կազմակերպումը և ներդրնել աշխատակիցների հիմնական կատարողական նոր ցուցիչներ։ Գործընթացը բուհի ղեկավար կազմից սկսելու հանգամանքի մասին ռեկտորն ասաց․ «Կարևոր է հենց ղեկավար կազմի օրինակով ցույց տալ, որ գիտելիքների կատարելագործումն ու հմտությունների զարգացումը անհրաժեշտություն են»։
Սույն դասընթացի վերապատրաստումը կիրականացնի նախագծերի կառավարման ոլորտում բազմամյա փորձ ու նախագծերի կառավարման մասնագետի PMP® միջազգային որակավորում ունեցող փորձագետ, PMI Armenia Հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի պետ Սոնա Մատինյանը, ով արդեն ՀՊՏՀ-ում իրականացրել է «Նախագծերի կառավարման հիմունքներ»-ի գծով երկու դասընթաց։ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի խոսքով, արձագանքները եղել են խիստ դրական, ուստի որոշվել է Սոնա Մատինյանի դասընթացին մասնակից դարձնել նաև բուհի աշխատակազմին։
Շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի պետ Աղավնի Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ՀՊՏՀ ռեկտորին՝ նման դասընթաց անցկացնելու գաղափարին և նախաձեռնությանն աջակցելու համար։ Սոնա Մատինյանը հույս հայտնեց, որ դասընթացը կլինի արդյունավետ և բուհի աշխատակազմի աշխատանքի վրա կունենա դրական ազդեցություն։
ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը հավելեց, որ հաշվի առնելով պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում անցկացված հարցման արդյունքները և կարիքների վերհանման վերլուծության արդյունքները՝ համալսարանի ղեկավարության որոշմամբ ս․թ․ փետրվարի կեսին կազմակերպվելու է նաև դասավանդման մեթոդաբանության գծով վերապատրաստում, որին մասնակցելու են ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի հիմնական անդամները։ Գործընթացը նախատեսվում է կազմակերպել փուլային սկզբունքով՝ առավելագույն թվով դասախոսներ վերապատրաստելու նպատակով։
Բացի այդ, դեռևս 2020 թվականին համալսարանի և բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հետ համագործակցության արդյունքում իրականացվել էր ՀՊՏՀ աշխատակիցների, այդ թվում՝ դասախոսների և վարչական անձնակազմի, անգլերենի թեստավորում։ Նախատեսվում էր անգլերենի վերապատրաստումը կազմակերպել դեռևս անցած տարի, սակայն համավարակով պայմանավորված հնարավոր չեղավ դա կազմակերպել, ուստի գործընթացը կմեկնարկի առաջիկա ամիսներին։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին