ՀՊՏՀ դասախոսը REFINE ծրագրի շրջանակներում հանդես է եկել առցանց դասախոսությամբ
ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի դոցենտ, տ․գ․թ․ Արմինե Սչանյանը «Ֆինանսների մագիստրոսական ծրագրերի բարեփոխում Հայաստանում և Մոլդովայում (REFINE)» նախագծի շրջանակներում երեկ՝ հունվարի 25-ին, հանդես է եկել «Ծրագրերի և նախագծերի պլանավորումը և բյուջետավորումը» թեմայով դասախոսությամբ։
Այս մասին asue.am-ին հայտնեց Արմինե Սչանյանը՝ հավելելով, որ հրավերը ստացվել է Մոլդովայի Կոմրատի պետական համալսարանից։ Դասախոսությունը, նրա խոսքով, ներկայացվել է երկու մասով՝ հիմնական հարցերի քննարկումը դիտարկելով մակրո և միկրոմակարդակներում:
«Պատմական ակնարկի միջոցով անդրադարձ է կատարվել միջազգային փորձին, նշվել են համակարգային նոր մոտեցումների կառուցվածքային բաղադրիչները և շեշտադրվել են միջազգային ստանդարտով ամրագրված կարևոր տարրերի ներմուծման հնարավորությունները պետական հատվածում՝ ներկա բարեփոխումների համատեքստում: Առցանց դասախոսությունն ամփոփվել է հարց ու պատասխանով, որին մասնակցել են ավելի քան 40 ունկնդիրներ, ինչպես նաև հաշվապահական հաշվառման և ֆինանսների ամբիոնի մագիստրանտները, այնպես էլ դասախոսական կազմի ներկայացուցիչները: Այս ձևաչափով գործընթացի կազմակերպումը վերահաստատում է REFINE նախագծի գործարկման արդյունավետությունը համագործակցության շարունակականության ապահովման տեսանկյունից»,- ասաց Արմինե Սչանյանը:
Նախագծի նպատակների, վերջնարդյունքների, գործընկերների, ինչպես նաև նախագծում ՀՊՏՀ դերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն հասանելի է մեր համալսարանի պաշտոնական կայքի (asue.am) «Միջազգային ծրագրեր» բաժնում, որին կարող եք ծանոթանալ այստեղ, և նախագծի պաշտոնական կայքում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին