ՀՊՏՀ-ում ամփոփվեց «Ժան Մոնե մոդուլ» ծրագիրը
Հունիսի 14-ին ՀՊՏՀ-ում տեղի ունեցավ «ԵՄ քաղաքականությունը, գործող կարգավորումներն ու վարչական կառուցվածքը» «Ժան Մոնե մոդուլ» եռամյա ծրագրի փակման արարողությունը:
Հիշեցնենք, որ «Ժան Մոնե մոդուլն» ընդգրկված էր «Միջազգային տնտեսական հարաբերություններ» մագիստրոսական ուսումնական ծրագրում: Մոդուլի շրջանակում դասավանդել են ՀՊՏՀ ռեկտոր, ՄՏՀ ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.դ. Դիանա Գալոյանը, նույն ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.դ. Զոյա Թադևոսյանը, դասախոս, տ.գ.թ. Ալբերտ Հայրապետյանը։
ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն իր ելույթում արձանագրեց, որ ՀՊՏՀ-ում այս ծրագիրն աննախադեպ էր և հաջողությամբ ավարտվեց. նոր դասընթացների շնորհիվ և տարաբնույթ միջոցառումներում ՀՊՏՀ մագիստրանտները ձեռք բերեցին Եվրամիության վերաբերյալ տնտեսական, քաղաքական, իրավական խոր ու համապարփակ գիտելիք և նոր հմտություններ։ Այնուհետև Ալբերտ Հայրապետյանը ուսանողներին և հյուրերին ներկայացրեց մոդուլի շրջանակում իրականացված գիտական և գիտամանկավարժական գործունեությունը, անդրադարձ կատարեց կազմակերպված միջոցառումներին ու կլոր սեղան-քննարկումներին։
Փակման արարողությանը մասնակցում էին նաև մոդուլի շահառուները՝ ՀՊՏՀ ՄՏՀ մագիստրոսական ծրագրի մագիստրանտները։ Վերջիններիս համար կազմակերպվել էր մոդուլի ծրագրով նախատեսված վիկտորինա, որի հարցերը բխում էին մոդուլի առարկաներից և վերաբերում էին ԵՄ ինստիտուտների պատմությանն ու գործունեությանը, տնտեսական ու արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին։ Վիկտորինայի ավարտին առավել աչքի ընկած ուսանողներ Անուշիկ Մանուկյանը, Մարիաննա Զաքարյանը և Լիանա Գալոյանը պարգևատրվեցին խրախուսական մրցանակներով։
Փակման արարողության վերջում ելույթ ունեցան նաև հյուրերը՝ շնորհավորելով ՀՊՏՀ-ին՝ մոդուլով նախատեսված աշխատանքների արդյունավետ և բարեհաջող իրականացման առիթով։