ՀՊՏՀ-ում այս տարի ևս կշարունակվի EL Fellow ծրագիրը

30.08.2024
Դիտումների քանակ՝ 788

Այսօր՝ օգոստոսի 30-ին, ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ Արմեն Գրիգորյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան  մշակութային/կրթական ծրագրերի մասնագետ Հասմիկ Միքայելյանին, դոկտոր Ջեննիֆեր Թումանին։ Հանդիպմանը մասնակցում էին արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մխիթար Ասլանյանը և լեզուների ամբիոնի վարիչ Լուսինե Հարությունյանը: Հանդիպման նպատակը ՀՊՏՀ-ում English Language Fellow (EL Fellow) երկրորդ ծրագրի շարունակականության ապահովման հարցերի քննարկումն էր։

Հիշեցնենք, որ EL Fellow ծրագրի միջոցով ԱՄՆ բարձր որակավորում ունեցող մանկավարժները անգլերենի ուսուցման 10 ամիս տևողությամբ կրթաթոշակային ծրագրեր են իրականացնում աշխարհի տարբեր ակադեմիական հաստատություններում:

2024-2025 ուսումնական տարվա ընթացքում մեր համալսարանում նշված ծրագրի շրջանակներում կդասավանդի դոկտոր Ջեննիֆեր Թումանը, ով կրթության, ինչպես նաև բիզնես ոլորտում վերապատրաստումների և զարգացման մեծ փորձ ունի: Նա մարդկության զարգացման ոլորտում դոկտորի աստիճանն ստացել է Ֆիլդինգի համալսարանում, իսկ անգլերենի դասավանդման մագիստրոսի կոչում` Մոնտերեյի միջազգային հետազոտությունների ինստիտուտում: Դոկտոր Թումանը դասախոսել է Պեկինի Ռենմինի համալսարանում և որպես հրավիրյալ դասախոս աշխատել Բութանի թագավորական համալսարանում:

Ողջունելով հյուրերին՝ Արմեն Գրիգորյանը կարևորեց ԱՄՆ պետական դեպարտամենտի կողմից կազմակերպվող անգլերենի կրթական ծրագրին ՀՊՏՀ շարունակական մասնակցությունը, ապա շեշտադրեց, որ դասընթացավարը բիզնես ոլորտի ներկայացուցիչ է ու այդ ոլորտի մշակույթը լավագույնս կփոխանցի ՀՊՏՀ ուսանողներին։ Բուհի ղեկավարը հույս հայտնեց, որ Ջեննիֆեր Թումանի գիտելիքի և դասավանդման հմտությունների շնորհիվ կզարգանան ուսանողների լեզվամտածողությունը և աշխարհաճանաչողությունը։ Ապա Արմեն Գրիգորյանը նոր նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամություն հայտնեց։

Լուսինե Դանիելյանը ներկայացրեց բուհում միջազգային ծրագրերը՝ ընդգծելով դրանց ընդարձակ շրջանակը և փոխգործակցության մեծ ներուժը։ Արտաքին դեպարտամենտի տնօրենը շեշտեց, որ մեր համալսարանում ակադեմիական կրթությանը զուգահեռ մեծ ուշադրություն է դարձվում ոչ ֆորմալ կրթությանը, ուսանողներին փափուկ և արդի աշխարհում անհրաժեշտ մյուս հմտությունների փոխանցմանը։

Հասմիկ Միքայելյանը շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը՝ արդյունավետ համագործակցության համար, ինչն իր հերթին նպաստում է ուսանողների անգլերենի իմացության մակարդակի բարձրացմանը։ Նա խոսեց ՀՊՏՀ լեզուների ամբիոնի հետ սերտ համագործակցության մասին՝ շնորհակալություն հայտնելով ամբիոնի վարիչ Լուսինե Հարությունյանին։ Վերջինս հավելեց, որ ԱՄՆ դեսպանատան հետ ՀՊՏՀ համագործակցությունն արդյունավետորեն է ընթանում արդեն 5-րդ տարին։