Ուսանողներին ներկայացվեցին «Միներվա» ծրագրի թիրախային նպատակադրումները

22.10.2021
Դիտումների քանակ՝ 1014

Հոկտեմբերի 22-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում «Միներվա» («Հետազոտությունների կառավարման և բաց գիտության կարողությունների հզորացումը Մոլդովայի և Հայաստանի բուհերում») ծրագրի շրջանակում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում ուսանողների հետ։

Հանդիպումը վարում էր ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը։ Նա ներկայացրեց «Միներվա» ծրագրի թիրախային նպատակադրումները, ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներն ու ձեռքբերումները։ Պրոռեկտորն անդրադարձավ նաև ծրագրի շրջանակում հետազոտական ոլորտում տեխնիկական և բովանդակային ենթակառուցվածքների ստեղծմանը և հզորացմանը, գրագողության և ակադեմիական էթիկայի խախտումների դեմ պայքարի ծրագրի ներդրմանը և հետազոտությունների բազայի ստեղծմանն ու գործարկմանը, ինչպես նաև EURAXESS համաեվրոպական հետազոտողների հարթակին բուհի անդամակցության գործընթացին։

Անդրադառնալով «բաց գիտության» համակարգի հիմնական սկզբունքներին ու առանձնահատկություններին՝ Թաթուլ Մկրտչյանը ներկայացրեց համակարգի ներդրման կարևորությունը, հեռանկարները, ինչպես նաև առաջիկա մարտահրավերները ՀՊՏՀ-ի համար։

Մի շարք քննարկված հարցերին զուգահեռ՝ ուսանողներն առանձնահատուկ հետաքրքրություն դրսևորեցին հետազոտությունների բազայի ու գրագողության դեմ կիրառվող համակարգի առանձնահատկությունների ու սկզբունքների նկատմամբ։

Հիշեցնենք, որ «Միներվա» ծրագիրը, որը համակարգվում է Մոլդովայի տնտեսագիտական ակադեմիայի կողմից, համաֆինանսավորվում է Եվրամիության «Էրազմուս+» ծրագրով։ Այն միտված է հզորացնելու Մոլդովայի և Հայաստանի բուհերի հետազոտության կառավարումը, գիտությունը դարձնելու առավել հասանելի ու մատչելի:

ՀՊՏՀ-ն ծրագրի գործընկեր է 2019 թվականից: Ծրագրի տևողությունը 3 տարի է: