Մարզական լավագույն ավանդույթները ՀՊՏՀ-ում շարունակվում են. Դիանա Գալոյանը հյուրընկալեց ՀՊՏՀ ֆուտզալի թիմին
Եռամյա դադարից հետո Տնտեսագիտական համալսարանի ֆուտզալի «ՀՊՏՀ Երևան» թիմը վերադարձել է ՀՀ ֆուտզալի բարձրագույն խումբ և այս տարվա մրցաշրջանում արդեն հասցրել է գրանցել առաջին հաջողությունը՝ առաջնության 2-րդ խաղում 3։2 հաշվով հաղթելով «Արարատի-Արմենիա» թիմին։
Առաջնությունում ՀՊՏՀ ֆուտզալի թիմի մասնակցության մեկնարկը ողջունելու և թիմին ոգևորելու նպատակով այսօր նրանց հյուրընկալեցին ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը։ Դիանա Գալոյանը շնորհավորեց թիմին կրկին բարձրագույն խմբում հանդես գալու և առաջին հաջողությունը գրանցելու առթիվ՝ ընդգծելով, որ Տնտեսագիտական համալսարանը բարձր է գնահատում սպորտի դերը ուսանողության շրջանում և մշտապես պատրաստ է աջակցել։ «Ձեր հաջողություններն ու հաղթանակները մեր համալսարանի պատիվն են, և բուհի ղեկավարությունը պատրաստ է աջակցել ձեզ՝ կերտելու նորանոր հաղթանակներ»,- դիմելով թիմին՝ ասաց բուհի ղեկավարը՝ միաժամանակ նշելով, որ պատրաստ է թիմի մոտակա ելույթներին ներկա գտնվել և խրախուսել։
ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի վարիչ, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ, «ՀՊՏՀ Երևան» թիմի գլխավոր մարզիչ Հովհաննես Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարին՝ նշելով, որ ֆուտզալի թիմը մշտապես զգացել է բուհի հոգածությունը, ինչը պարտավորեցնող է, ապա Դիանա Գալոյանին նվիրեց անվանական մարզաշապիկ։
Թիմի հաջողությունների և անելիքների մասին կարդացեք Հովհաննես Գաբրիելյանի հետ մեր հարցազրույցը այստեղ: