Տնտեսագիտական համալսարանը հյուրընկալեց դպրոցների և քոլեջների 70 սաների. հերթական հանդիպումը՝ ուղղված մասնագիտական կողմնորոշմանը

Դիտումների քանակ՝ 1936

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն այսօր հյուրընկալեց Երևանի թիվ 2 քոլեջի, 189 և 159 ավագ դպրոցների շուրջ 70 աշակերտների և ուսանողների: Մասնագիտական կողմնորոշման և ավագ դպրոցների հետ մեր համալսարանի համագործակցության շրջանակներում սա հերթական այցն էր:

ՀՊՏՀ մեծ դահլիճում հյուրերին դիմավորեցին արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի պետ Աղավնի Հակոբյանը, ՈՒԽ նախագահ Գոռ Մելիք-Սահակյանը:

Ներկաներին ողջույնի ջերմ խոսք ասաց բուհի ղեկավարը: ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը նշեց, որ Տնտեսագիտական համալսարանն այս տարի նախաձեռնել է ավագ դպրոցների և քոլեջների սաների հանդիպումների շարք, որի նպատակը աշակերտներին մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշելն է: «Մենք ձեզ կծանոթացնեն մեր բուհի մասնագիտությունների, ենթակառուցվածքների, հնարավորությունների հետ, կպարզաբանենք ընդունելության կարգը և ձեզ հետաքրքրող բոլոր հարցերը: Մեր խնդիրն է, որ դուք կատարեք մասնագիտության գիտակցված ընտրություն, այլ ոչ թե տուրք տաք նորաձև անուններին: Պետք է նշեմ նաև, որ Տնտեսագիտական համալսարանը մասնագիտական տնտեսագիտական կրթություն տվող միակ բուհն է Հայաստանում»,- ասաց Դիանա Գալոյանը՝ հույս հայտնելով, որ աշակերտներն ու ուսանողները մեր համալսարանից կհեռանան տպավորված և կողմնորոշված:

ՈՒԽ ներկայացուցիչները հագեցած և գեղեցիկ օրակարգով անցկացրեցին հանդիպումը, ներկայացրեցին համալսարանի մասնագիտությունները, ուսանողական կյանքն արտացոլող տեսահոլովակներ, պանելային քննարկման ձևաչափով խոսեցին ներկաներին հետաքրքրող բազում հարցերի մասին, ապա շրջայց կազմակերպեցին բուհում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին